
Բոբ Դիլանը հարցազրույց չի տա Նոբելյան մրցանակի հանձնումից առաջ

Գրականության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանը Ստոկհոլմում ավանդական մամուլի ասուլիս չի տա պարգեւն իրեն հանձնելուց առաջ: Այս մասին հայտնել է Շվեդիայի ակադեմիան:
«Շվեդիայի ակադեմիան կարող է արդեն այժմ հայտնել, որ մամուլի ասուլիսը, որը Նոբելյան դափնեկիրը սովորաբար տալիս է ակադեմիայում, չի կայանա: Անկախ այն բանից, թե դափնեկիրը դեկտեմբերին Ստոկհոլմ կժամանի թե ոչ»,- ասված է մամուլի համար արված հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի վերջին Դիլանը հավաստել է, որ ընդունում է բարձր պարգեւը: Բայց առայժմ պարզ չէ, թե Բոբ Դիլանը կկարողանա արդյոք մասնակցել պարգեւատրման արարողությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Շվեդիայի մայրաքաղաքում: Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել են Շվեդիայի ակադեմիայում, այդ մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 13-ին 75-ամյա Դիլանին է շնորհվել «ամերիկյան մեծ երգային ավանդույթում բանաստեղծական կերպարների ստեղծման» համար: