Նորակառույց արյունաբանական կենտրոնում բուժում կստանան նաև արտերկրից ժամանած երեխաները
Հայաստանում գերժամանակակից սարքավորումներով հագեցած արյունաբանական կենտրոնը հնարավորություն կտա բուժել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ուրիշ երկրներից ժամանած երեխաների: ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարինե Ալեսը: «Մենք արդեն կարող ենք ընդունել և բուժել այն երկրներից ժամանած երեխաներին, որտեղ ժամանակին մեր երեխաներն են բուժվել, քանի որ արդեն մենք էլ ունենք գերժամանակակից արյունաբանական կենտրոն: Բացի այդ, մեր երկրի կլիման էլ կարող է նպաստել երեխաների արագ բուժմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալեսը:
Նա հավելեց, որ հիմնադրման օրվանից «Նվիրիր կյանք» հիմնադրամի կարևոր սկզբունքներից մեկն այն է եղել, որ հայ երեխաները պետք է բուժում ստանան իրենց երկրում: «Ինչպես ասում են, հարազատ պատերն էլ օգնում են: Մենք այս տարիների ընթացքում շատ երեխաների ենք բուժել, բայց հիմա կարող եմ ասել, որ հնարավորությունները բազմապատկվել են: Շատ ուրախ եմ, որ մենք նման կենտրոն ունենալու համար դիմեցինք կառավարությանը, որը կարողացավ միջոցներ ներգրավել Համաշխարհային բանկից: Արդյունքում մենք ունենք այս ժամանանակից կենտրոնը, ինչին այդքան երկար սպասել էինք»,– եզրափակեց Մարինե Ալեսը:
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և կենտրոնի տնօրոն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ կենտրոնում շրջայց են կատարել նաև լրագրողները: