«Այսօրվա Ռուսաստանը ուժեղ պետություն է միայն ուժի կիրառման իմաստով». Ֆուկույամա
Ֆրենսիս Ֆուկույաման BBC-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանին, ասում է, որ ուժեղ պետությունն առաջին հերթին էֆեկտիվ պետությունն է։
«Պետություն, որտեղ հարգում են օրենքը, գոյություն ունի անկախ և արդարացի դատական համակարգ, զարգացած է ենթակառուցվածքն ու արդյունավետ կերպով են աշխատում սոցիալական սպասարկման, առողջապահական համակարգերը։
Եթե նայում ենք այսօրվա Ռուսաստանին, ապա տեսնում ենք, որ այդ պետությունը ուժեղ է միայն ուժի կիրառման իմաստով։
Երկրում շատ են ոստիկանությունը, զինվորականները, պետությունը կարող է ուժով ստիպել մարդկանց ինչ-որ բան անել, վախեցնել ընդդիմադիրներին։
Ավելի վատ է վիճակն առողջապահական համակարգում, որտեղ պետությունը ի վիճակի չէ քաղաքացիներին տրամադրել ծառայություններ այն նույն մակարդակով, ինչ նույն կենսամակարդակ ունեցող մյուս եվրոպական երկրները։ Այդ իմաստով Ռուսաստանը այնքան ուժեղ պետություն չէ։
Ռուսաստանը այն տեսքով, որով գոյություն ունի 2000 թվականից, կառուցված է օլիգարխների ու քաղաքական գործիչների շուրջ, որոնք իրենց իշխանությունը օգտագործում են իրենց շահերի համար՝ սպառելով տնտեսական ռեսուրսները։ Այդ իմաստով Ռուսաստանը շատ թույլ և կոռումպացված պետություն է»,- համոզված է Ֆուկույաման։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի խնդիրն այն է, որ Պուտինը ոչ մի պետական ինստիտուտ չի ստեղծել։
«Ո՞վ գիտի, թե ով նրան կգա փոխարինելու։ Ո՞վ գիտի, թե նա որքան կմնա Ռուսաստանի նախագահ։ Կան նախարարություններ ու բաժիններ, սակայն այն, թե ինչպես են դրանք գործում, գաղտնիք է մնում։ Այդ իմաստով Ռուսաստանը ոչ թափանցիկ համակարգ է։
Եվ դա շատ վտանգավոր է, քանի որ նման համակարգը երկար չի կարող գոյատևել»,- ասում է նա։