«Իտալիայի ԵԱՀԿ նախագահության ուշադրության կենտրոնում սառեցված հակամարտություններն են լինելու». Պաոլո Ջենտիլոնի

«Մաղթում ենք, որ  մոտակա շաբաթներին նախատեսվող ԵԱՀԿ ՄԽ հանդիպումը  դրական լիցք հաղորդի բանակցային գործընթացին»,- այս մասին  այսօր Երևանում  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց  Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին։

Տեղեկացնենք, որ Իտալիայի ԱԳ նախարարն այսօր պաշտոնական այցով Երևանում  է ՀՀ ԱԳ նախարարի հրավերով: Իր երևանյան այցի ընթացքում իտալացի նախարարը հանդիպումներ է ունենալու ինչպես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախարարներն իրենց երևանյան բանակցությունների ժամանակ ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ 2016 թ. ԵԱՀԿ-ն նախագահում է Գերմանիան,  2017-ին նախագահությունը կստանձնի Ավստրիան, իսկ 2018-ին՝ Իտալիան:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բարձր է գնահատում Իտալիայի կառավարության աջակցությունը ՀՀ մշակութային ոլորտի զարգացմանը,  և Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էլ ավելի կխորացնի կրթության և մշակույթի ոլորտում հայ-իտալական հարաբերությունները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հայ-իտալական համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ այս կոնտեքստում կարևորելով իտալական զորամիավորումների հետ հայ խաղաղապահների առաքելությունը Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-­ի կազմում։ Նալբանդյանի խոսքով՝ անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ բանակցություններին և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի։ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմի համար կարևոր է նաև 2018թ.-ին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող  Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին ԼՂ հակամարտության  բացառապես խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար:

Իր հերթին՝ իտալացի նախարարն ասաց, որ  մի քանի ամսից ընդունելու են ԵԱՀԿ-ի  նախագահությունը։ «Մեր ուշադրության կենտրոնում  պետք է լինեն սառեցված հակամարտությունները՝ Ուկրաինան, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը, բնականաբար, Արցախի հիմնախնդիրը, որի վերաբերյալ Իտալիան պնդում է, որ խաղաղ դիվանագիտական լուծում պետք է  տրվի: Մենք չենք ուզում, որ պատերազմական գործողություններ լինեն այս տարածաշրջանում, և մաղթում ենք, որ մոտակա շաբաթներին նախատեսվող հանդիպումը  դրական լիցք հաղորդի բանակցային գործընթացին»,- ասաց Պաոլո Ջենտիլոնին։

Տեսանյութեր

Լրահոս