«Մենք կարող ենք դեպի Հայաստան ուղղել իրանական բեռնափոխադրումների հոսքերը». իրանագետ

«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան պետք է գնահատել՝ որպես ամփոփիչ: Հայաստանն ու Իրանը վերջին տարում իրականացրել են որոշակի քայլեր, ու ժամանակն է, որպեսզի այդ քայլերն ամփոփվեն, մշակվեն նոր ծրագրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո Իրանը պատրաստակամություն հայտնեց սեփական վարկավորման միջոցով սկսել երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են. «Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը Երևանում կնքել են համապատասխան հուշագիր, որը հանգեցնելու է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծմանը: Էներգետիկ դաշտի երկրորդ բաղկացուցչի՝ բնական իրանական գազի հարցում էլ լուրջ զարգացում կա. նախ՝ Հայաստանը ստեղծել է հատուկ պետական ընկերություն, որը պետք է զբաղվի իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելով, ու այդ կազմակերպության ղեկավարն իրանական կողմի հետ ստորագրել է հուշագիր»:

Նրա կարծիքով՝ ռուսական կողմն էլ է հասկացել, որ մասնակցային մոտեցումը խնդիրներին ավելի ճիշտ մոտեցում է, քան արգելափակման հարցը, ու իրանական գազի մատակարարումը Վրաստանին օգտակար կլինի նաև Ռուսաստանին, քանի որ, ըստ իրանագետի՝ Ռուսաստանի օրակարգից Վրաստանը դեռ դուրս չի եկել:
Վ. Ոսկանյանը կարևոր է համարում հնարավորինս արագ, բայց ոչ որակի հաշվին «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը. «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը, համաձայն որոնց՝ թուրքական և իրանական շահերը ոչ միայն չեն համընկնում, այլ նաև բախվում են իրար, և հաշվի առնելով Թուրքիայի արևելքում անկայուն վիճակը, մենք կարող ենք դեպի Հայաստան ուղղել իրանական բեռնափոխադրումների հոսքերը, որը ձեռնտու կլինի մեզ համար՝ որպես տնտեսության զարգացման լրացուցիչ խթան, նաև՝ մեր թշնամի երկրին այդ մի հնարավորությունից զրկելու մասով»:

Նա նաև նշեց, որ Հայաստան-Իրան հարաբերություններում կարևորագույն քայլ էր վիզային ռեժիմի չեղարկումը, քանի որ Հայաստանն ու Իրանը հասել են այնպիսի հարաբերությունների, որ միմյանց երկիր այցելելու համար մուտքի արտոնագիր հարկավոր չէ. «Այստեղ առկա է նաև հոգեբանական գործոն, և վիզային ռեժիմի չեղարկումը նպաստել է իրանցի զբոսաշրջիկների` Հայաստան այցի աճին»:

Տեսանյութեր

Լրահոս