Հունվարի 1-ին «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով կգործարկվի առաջին թեսթային գնացքը
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարության առաջին փուլը կավարտվի այս տարեվերջին, Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայի Կարսի մարզի նահանգապետ Ռահմի Դողանը։
Նրա խոսքով՝ հունվարի 1-ին «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհով կգործարկվի առաջին թեսթային գնացքը։
««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհն ունի մեծ նշանակություն տարածաշրջանի զարգացման համար։ Նախագիծը թույլ կտա ներդրումներ ներգրավել Կարս նահանգ։ Առաջին փուլում կկառուցվի երկաթուղային ճանապարհի մեկ ճյուղ։ Երկրորդ փուլի իրականացումը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով»,- ասել է Դողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհին։
«Չինաստանը կկարողանա արտահանել իր արտադրանքը Եվրոպա և մյուս երկրներ։ Եթե դրա համար նախկինում անհրաժեշտ էր 1.5-2 ամիս, ապա երկաթուղու շահագործումից հետո այդ ժամկետը կկրճատվի՝ հասնելով 15 օրվա»,- ասել է նա։