«Բաքուն պետք է կողմնորոշվի». Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում»,- այս մասին  այսօր Երևանում  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ ասուլիսի ժամանակ  ասաց  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ գործընթացի շրջանակում նախատեսվող նախարարական հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն: Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում, քանի որ  մի կողմից՝ ադրբեջանական կողմն ասում է, որ պատրաստ է մասնակցել հանդիպումներին, մյուս կողմից՝ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին:

Նախարարի փոխանցմամբ՝ հայտարարում են, որ միայն մեկ սկզբունքի հիման վրա կարող է լուծում  ստանալ  ԼՂ հակամարտությունը, չնայած նախարարը հիշեցրեց, որ եռանախագահները մշտապես ընդգծում են միջազգային  իրավունքի  երեք սկզբունքների՝ ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության մասին:

«Այդ սկզբունքները և այդ տարրերը ներկայացնում են մեկ ամբողջություն, և փորձել տարանջատել այդ սկզբունքները և տարրերը՝ կստեղծի դժվար իրավիճակ հիմնախնդրի կարգավորման հարցում: Բաքուն պետք է կողմնորոշվի՝ ցանկանո՞ւմ է, որպեսզի եռանախագահող ձևաչափում շարունակի բանակցությունները, քանի որ մի կողմից՝ ասում է, որ պատրաստ է բանակցությունների, բայց  մյուս կողմից՝ դուրս է գալիս եռանախագահողների  սկզբունքների դեմ: Սոսկ այս հանդիպումների մասնակցությունը դառնում է իմիտացիա,  դրա ապացույցներից մեկն էլ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներն էին, մասնակցեցին, սակայն ի՞նչ  տվեցին այդ հանդիպումները:

Բաքուն մինչ այսօր հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել գագաթաժողովների ընթացքում, անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»,- ասաց Նալբանդյանը:

Վերջինիս խոսքով՝ ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների ջանքերը, ՀՀ-ի հետ միասին, ուղղված են հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղմանը: Նալբանդյանը շեշտեց, որ  ՀՀ-ն երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, բայց մասնակցելով  այդ հանդիպումներին՝ ընդունել է  այն շրջանակը, որն առաջարկվում է  եռանախագահների կողմից: ՀՀ ԱԳ նախարարը նաև հիշեցրեց այն փաստի մասին, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանը նույնիսկ հրաժարվում էր համանախագահների հետ հանդիպել:

Հայկական կողմը, նրա պնդմամբ, պատրաստ է մասնակցել բանակցություններին, սակայն Ադրբեջանը, ինչպես միշտ, սրում է իրավիճակը:

Նախարարը հիշեցրեց Ադրբեջանի նախաձեռնած մասշտաբային   զորավարժությունների մասին, որոնց մասնակցելու է  Ադրբեջանի ԶՈՒ ողջ ներուժը, ինչը, Նալբանդյանի խոսքով,  խախտում է Վիեննայի փաստաթուղթը, որի համաձայն՝ պետք է 42 օր  առաջ տեղյակ պահեին նման զորավարժությունների անցկացման մասին,  այնինչ տեղյակ չեն պահել և Համբուրգից առաջ գնում են այսպիսի քայլի՝ սրելով   իրավիճակը:  Նրա դիտարկումների համաձայն՝ սաստկացել են հրադադարի խախտումները: Նալբանդյանն ընդգծեց, որ դեռ հստակեցված չէ հանդիպման ձևաչափը, որը կարող է լինել Համբուրգում: «Կտեսնենք՝ ինչ առաջարկներ կլինեն, բայց վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»,- ասաց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս