Դիվանագիտական սկանդալ է հասունանում. Թուրքիան Գերմանիային մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչ օրս թուրքական կողմը Գերմանիայից պահանջել է իրեն հանձնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 հազարից ավելի անդամների, սակայն նրանցից ոչ մեկին գերմանական կողմը չի հանձնել պաշտոնական Անկարային: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստին:
«Պատահական չէ, որ բոլոր ահաբեկիչները նախընտրում են Գերմանիան: Այժմ էլ Գերմանիան գրկաբաց ընդունում է գյուլենականներին: Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչներին ամենամեծ աջակցություն ցուցաբերած երկիրը Գերմանիան է»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Անդրադառնալով այն փաստին, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցանկանում է այցելել Թուրքիա, սակայն թուրքական կողմը հստակ ժամկետներ չի հաստատում այցի համար` Չավուշօղլուն ասել է. «Թուրքիայում մենք շատ զբաղված ենք: Որոշ արևմտյան երկրներ նման ընկալում ունեն` մենք մեծ երկիր ենք, մենք հսկա Գերմանիան ենք, մենք մեծ սա ենք, մենք նա ենք: Այդ պատճառով Թուրքիայի նախարարը ստիպված է ինձ հետ հանդիպել, երբ ես ցանկանամ: Նման բան չկա: Մենք էլ այստեղ անգործ նստած չենք: Մենք էլ ենք զբաղված: Հետևաբար, եթե ցանկանում ես ինձ հետ հանդիպել, պետ ք է հաշվի առնես ինձ հարմար ժամանակը»: