
Ամերիկացիները հրաժարվել են հանձնել պայթյունավտանգ Galaxy Note 7 սմարթֆոնները

Samsung ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7 սմարթֆոնների տերերի ավելի քան 15 տոկոսը շարունակում են օգտվել այդ սարքերից եւ չեն հանձնում դրանք: Այս մասին հայտնում է SlashGear պորտալը:
«Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում հետկանչման ծրագրով վերադարձվել է Galaxy Note 7-երի մոտավորապես 85 տոկոսը: Դիմողների մեծամասնությունը որոշում է ընդունել հեռախոսը փոխարինել Samsung-ի այլ սմարթֆոնով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունում նաեւ կձեռնարկվեն մի շարք միջոցներ՝ օգտատերերին համոզելու հրաժարվել ինքնաբռնկվող սարքերից: Մասնավորապես, մշտապես համակարգային ծանուցումներ կհայտնվեն սմարթֆոնի փոխարինման անհրաժեշտության մասին:
Samsung Electronics-ը հոկտեմբերի 10-ին դիմել էր իր գործընկերներին՝ խնդրելով դադարեցնել Galaxy Note 7-երի վաճառքներն այն մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, որ նոր խմբաքանակի սարքերը նույնպես ենթակա են ինքնաբռնկման: Ավելի ուշ կորպորացիան ամբողջովին դադարեցրել Է այդ գաջեթների արտադրությունը: