
ԴԱԻՇ-ի զինյալները պետք է պատասխան տան Մոսուլում իրականացված հանցագործության համար. ՄԱԿ

ԴԱԻՇ-ի զինյալները և հանցագործությունների իրականացման բոլոր մեղավորները, որոնք իրականացվել են Մոսուլ քաղաքում ռազմական գործողության ընթացքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Մոսուլում իրաքցիների զանգվածային գերեզմանի հայտնաբերման փաստը, հայտնում է TASS-ը։
«Մեզ մնում է միայն դատապարտել նման գազանությունները։ Մենք հուսով ենք, որ Մոսուլի ռազմական գործողությունը շուտով կավարտվի և մարդիկ կկարողանան վերստին կառուցել իրենց կյանքը։ Իհարկե, նրանք, որոնք իրականացնում են նման հանցագործություններ, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն անհանգստացած է Մոսուլի շրջանում ստեղծված մարդասիրական վիճակից, որտեղ ռազմական օպերացիայի հետևանքով իրենց տները ստիպված է եղել լքել 34 հազար մարդ։
«Մենք ենթադրում ենք, որ այդ թիվը կավելանա»,- ասել է նա։