Թուրքիայի ԱԳՆ-ին զայրացրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հայտարարությունը

Պաշտոնական Անկարային զայրացրել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտնել է, որ իրենք խստորեն դատապարտում են Ասելբորնի հայտարարությունը: Հայտարարելով, թե Լյուքսեմբուրգը գլխավորում է Եվրոպայում ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակը` Մուֆթուօղլուն ասել է, թե  Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հայտարարությունը խոսում է այն մասին, որ վերջինս չի կարող անել օբյեկտիվ հայտարարություններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը լրատվամիջոցներից մեկին հայտարարել է Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: Ասելբորնը նշել է, որ Թուրքիայի արտահանման կեսը Եվրոպայի երկրներ է իրականացվում, իսկ Թուրքիա կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է Եվրամիության երկրներից: Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիայում քաղաքական լարվածության պարագայում որպես պաշտոնական Անկարայի նկատմամբ ճնշումների լծակ կարող են դիտարկվել տնտեսական լծակները: Լյուքսեմբուրգի արտաք ին քաղաքական գերատեսչության ղեկավարը դատապարտել է Թուրքիայում գրանցված վերջին զարգացումները` ընդգծելով, որ Էրդողանը երկրում իրեն բացարձակ ուժ է կարծում:

Տեսանյութեր

Լրահոս