Զաքարյան եղբայրների մայրը վարչապետին շնորհակալություն է հայտնել «մարզը Լիսկայից ազատելու համար». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք, ապա Ղարաբաղ մեկնած վարչապետը կանգ է առել Գորիսում եւ հանդիպում-զրույց ունեցել գորիսեցիների հետ։ Մենք տեղեկացանք, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սդղի գյոլում նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրների մայրը՝ տիկին Անահիտը, որը վարչապետին շնորհակալություն է հայտնել «մարզը Լիսկայից ազատելու համար»՝ հայտարարելով, որ Կարեն Կարապետյանը միակ մարդն էր, որը նման ռիսկի գնաց։
Ժողովուրդն ակնկալիքներ ունի նոր վարչապետից՝ դա կլինի «լիսկաներից» ազատագրում, գազի գնի իջեցում, թե նպաստ-թոշակների բարձրացում։ Հենց այդ ակնկալիքների մասին են վկայում նաեւ այն հարյուրավոր զանգերը, որոնք ստանում են վարչապետի օգնականները՝ համացանցում նրանց հեռախոսահամարների տեղադրումից ի վեր։
Արդյո՞ք ի վիճակի կլինի մեկ անձը լուծել այն բոլոր հարցերը եւ խճճված թնջուկները, որոնք տասնամյակների կուտակման արդյունք են։ Եվ արդյոք այդ խնդիրների լուծման ընթացքում նա չի՞ սայթաքի, չի՞ շեղվի ճիշտ ուղուց, չի՞ ընկրկի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: