«Քննիչի վրա ճնշում է գործադրվում դատախազությունից»
«Ութ ամսվա մեջ մի փորձաքննություն չեն կարողացել իրականացնել»,- վրդովված հայտնում է 2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մայրը՝ Լիանա Դարբինյանը՝ հավելելով, որ այսպես շարունակվելու դեպքում պատրաստվում է անվստահություն հայտնել քննչական մարմնին:
2016 թ. մարտի 16-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունը, որով պետք է պարզվեր՝ արդյո՞ք մահացած նորածինը Լիանա Դարբինյանի և Հակոբ Պետրոսյանի երեխան է, թե՞ ոչ, արդյունք չի տվել՝ հայտնել են, որ մոր արյան նմուշից ԴՆԹ անջատել հնարավոր չի եղել: Հետևություններ բաժնում, մասնավորապես, նշված է.
«Առաջադրված՝ «Հակոբ Ռոբերտի Պետրոսյանը և Լիանա Դանիելի Դարբինյանը հանդիսանում են արդյոք տվյալ երեխայի կենսաբանական ծնողները, թե՞ ոչ» հարցին պատասխան չի տրվել /մայրության և հայրության նույնականացման մոլեկուլային գենետիկական փորձաքննություն/, քանի որ ներկայացված Լիանա Դարբինյանի արյան նմուշից ԴՆԹ անջատել հնարավոր չէ /արդյունքները ամփոփված են էլեկտրոֆորեզի թիվ 16; 17; 18 արձանագրություններում/:
Առնվազն անտարամաբանական այս հետևության առնչությամբ միջնորդվել է նաև առգրավել և քրեական գործին կցել դատագենետիկական փորձաքննության եզրակացության անբաժանելի մաս կազմող՝ էլեկտրոֆորեզի թիվ 16, 17, 18 արձանագրությունները։ Միջնորդությունը բավարարվել է: Երկրորդ անգամ արյան նմուշը հանձնվել է հոկտեմբերին, ամուսինների պնդմամբ՝ նախորդ երկուշաբթի արդեն պիտի սկսեին փորձաքննությունը, մի շաբաթ է անցել, սակայն ոչ մի պատասխան չկա:
Լիանա Դարբինյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից դեռևս 2016 թ. հուլիսին միջնորդությամբ պահանջված դատաբժշկական փորձաքննությունը ևս ավարտին չի հասցվել: Փորձաքննության համար պահանջվող ոչ բոլոր նյութերն են փորձագետին փոխանցվել:
Մահացած նորածնի ծնողների պնդմամբ՝ փորձաքննության ենթակա ընկերքը և երեխայի որոշ օրգաններ փաստացի բացակայում են, ինչն էլ անհնար է դարձնում ամբողջական փորձաքննության իրականացումը: Շուրջ ութ ամիս քննվող այս քրեական գործով ներկայացված միջնորդությունների շրջանակից դուրս նախաքննության մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ որևէ գործողություն մինչ օրս չի իրականացվել. ամուսինները պնդում են՝ քննիչի վրա ճնշում է գործադրվում դատախազությունից (Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա. Նահապետյանի կողմից) և պահանջում գործը քննել այլ կազմով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ