Անոմալ տաք ձմեռները և արտասովոր շոգ ամառային սեզոնները կդառնան սովորական երևույթ. գիտնականներ
Կլիմայագետները հանգել են այն եզրակացության, որ անոմալ տաք ձմեռները եւ արտասովոր շոգ ամառային սեզոնները 2025 թվականին կդառնան սովորական երեւույթ, եթե ջերմոցային գազերի արտանետումները չկրճատվեն, իսկ 2040 թվականին՝ նաեւ բոլոր կլիմայական հանձնառությունների կատարման դեպքում: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է Bulletin of the American Meteorological Society հանդեսում:
«Այս սցենարի իրականացումը նշանակում է, որ 2013 թվականի ռեկորդային շոգ ամառն Ավստրալիայում, երբ ջերմաստիճանները հասնում էին Ցելսիուսի 50 աստիճանին, իսկ հոկտեմբերին հրդեհներ էին մոլեգնում լեռներում, եւ մարդկանց առողջության համար հետեւանքները չափազաննց բացասական էին, 2035 թվականին կլինի տիպիկ ավստրալական ամռան նախատիպը»,- հայտարարել է Սոֆյա Լյուիսը Ավստրալիայի Կանբերայի ազգային համալսարանից:
Լյուիսը եւ նրա գործընկերները հանգել են այն եզրակացության, որ նոր կլիմայական ռեժիմի հաստատումը, որն իր հատկություններով նման կլինի ընթացիկ ռեկորդային տաք տարվան, փաստական անխուսափելիություն է նույնիսկ այն դեպքում, եթե մարդկությունը լիովին դադարեցնի ջերմոցային գազեր արտանետել եւ կատարի բոլոր կլիմայական հանձնառությունները: Դրանց կատարումը, գիտնականների խոսքով՝ աղետը կհետաձգի 10-15 տարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: