Ուկրաինական խորհրդարանում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ պատգամավորների թիվը
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է: Տարբեր խմբակցություններից պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:
Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ 2015 թվականի ապրիլի 3-ին գրանցված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:
Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին` արդարությանը հավատարիմ լինելու համար»:
2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ: Օրինագծի նախաձեռնողներն էին այն ժամանակ պատգամավորներ` Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանը: