Կլիմայի փոփոխության վերաբերյալ համընդհանուր համաձայնագիրը զարգացող երկրներին շուրջ 23 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումների հնարավորություն է խոստանում. IFC

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության համաձայն, անցյալ տարի Փարիզում կլիմայի փոփոխության վերաբերյալ պատմական համաձայնագրի ընդունմամբ զարգացող երկրներում կլիմայի համար անվնաս արդի լուծումներ առաջարկող («կլիմա-սմարթ») ներդրումային ծրագրերի հնարավորություն է ստեղծվել շուրջ 23 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ այժմվանից մինչև 2030 թվականը:

2015 թվականի դեկտեմբերին Փարիզի համաձայնագրի կնքումից ի վեր, ընդհանուր առմամբ, 189 երկիր ներկայացրել է իր ազգային ծրագիրը, որը նպատակաուղղված է կլիմայի համար առաջարկվող լուծումների կտրուկ աճին, այդ թվում վերականգնվող էներգիայի, ածխածնի ցածր պարունակությամբ քաղաքների ստեղծման, անտառի կայուն կառավարման և «կլիմա-սմարթ» գյուղատնտեսության բնագավառներում: Այս ծրագրերը հստակ ճանապարհային քարտեզ են հանդիսանում ներդրումների համար, որոնք կուղղվեն կլիմայի փոփոխություններին դիմակայուն ենթակառուցվածքներին և արդյունավետության աճի ու վառելանյութի խնայողության շնորհիվ կփոխհատուցեն ներդրումների համար կատարվող սկզբնական բարձր ծախսերը:

Հիմնվելով 21 զարգացող երկրների կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ազգային հանձնառությունների և դրանցից բխող քաղաքականությունների վրա, ՄՖԿ ուսումնասիրությունն առանձնացնում է երկրներից յուրաքանչյուրի տնտեսության այն հատվածները, որոնք առավել մեծ ներուժ ունեն ներդրումների առումով: Սա ներառում է Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաների երկրներում «կանաչ շենքերը», որոնցից Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Վիետնամում կլիմայի համար անվնաս արդի լուծումներ առաջարկող («կլիմա-սմարթ») ծրագրերի համար առկա է 16 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրման հնարավորություն: Լատինական Ամերիկան և
Կարիբյան ավազանի երկրներն ունեն երկրորդ ամենամեծ հնարավորությունը, մասնավորապես կայուն փոխադրումների ոլորտում, որտեղ Արգենտինայի, Բրազիլիային, Կոլոմբիայի և Մեքսիկայի հնարավոր ներդրումների չափը կազմում է շուրջ 2.6 տրիլիոն ԱՄՆ դոլար: Հարավային Ասիայում հիմնական ներուժը կլիմային դիմակայուն ենթակառուցվածքների ոլորտում է, որտեղ Հնդկաստանի և Բանգլադեշի հնարավոր ներդրումները կազմում են 2.5 տրիլիոն ԱՄՆ դոլար:

«Առ այսօր, դեռ երբեք այսքան բարենպաստ ժամանակներ չեն եղել «կլիմա-սմարթ» ծրագրային ներդրումների համար», – ասաց ՄՖԿ գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ֆիլիպ Լե Ուերուն: «Սա արտացոլում է մաքուր տեխնոլոգիաների գների կտրուկ նվազումը և «սմարթ» քաղաքականությունների աճը, որոնք բիզնեսին մղում են ներդրում կատարելու: Այս առումով չափազանց կարևոր է հավակնոտ նպատակներ սահմանելը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ ՄՖԿ-ն պատրաստվում է մինչև 2020 թվականը բարձրացնել կլիմային ուղղված ներդրումների տարեկան հատկացումները 3.5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև ևս 13 միլիարդ ԱՄՆ դոլար ներգրավել այլ ներդրողներից»:

Սահարային մերձակա աֆրիկյան պետություններում առկա է 783 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումների հնարավորություն, մասնավորապես Կոտ դը Իվուարում, Քենիայում, Նիգերիայում և Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ մաքուր էներգիայի բնագավառում: Արևելյալ Եվրոպայի առավել խոշոր շուկաներում՝ Ռուսաստանում, Սերբիայում, Թուրքիայում և ՈՒկրաինայում ներդրումային ընդհանուր ներուժը կազմում է 665 միլիարդ դոլար, գլխավորապես կապված էներգախնայողության և նոր կանաչ շենքերի հետ:

Ինչ վերաբերում է Միջին Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային, ապա կլիմային ուղղված ներդրումները Եգիպտոսի, Հորդանանի և Մարոկկոյի համար կազմում են մոտավորապես 265 միլիարդ ԱՄՆ դոլար, որի մեկ երրորդից ավելին՝ վերականգնվող էներգիայի արտադրության, իսկ 55 տոկոսը ($146 միլիարդը)՝ «կլիմա-սմարթ» շինությունների, տրասնպորտի և թափոնների կառավարման համար:

Ուսումնասիրությունը մատնանաշում է նաև, որ կառավարության քայլերն առանցքային նշանակություն կունենան հնարավոր ներդրումների ողջ ծավալը հասանելի դարձնելու համար: Այն կառավարություններին առաջարկում է իրենց զարգացման ռազմավարություններում և բյուջետավորման գործընթացներում ներառել կլիմային առնչվող ազգային հանձնառությունները, բարելավել «կլիմա-սմարթ» արտադրությանն ուղղված ներդրումային միջավայրը, ինչպես նաև խելամտորեն օգտագործել պետական միջոցները՝ օրինակ, ռիսկերի նվազեցման և ծրագրային աջակցության օգնությամբ մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով:

IFC-ն Հայաստանում շարունակաբար աջակցում է կլիմայի համար անվնաս լուծումներին (այդ թվում վերականգնվող էներգիան և էներգարդյունավետությունը)՝ Հայաստանում էներգիա արտադրող գլխավոր համակարգերից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի (Որոտան կասկադ) վերականգնումը ֆինանսավորելու, տեղական բանկերին փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավարմանն աջակցելու, ինչպես նաև
բնակարանատերերին էներգախնայող ծրագրերին ուղղված փոխառության փաթեթներ տրամադրելու և էներգաարդյունավետ բիզնես համալիրի կառուծելու միջոցով:
ՄՖԿ-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող երկրների մասնավոր հատվածին: Աշխատելով 2,000 բիզնեսների հետ աշխարհի տարբեր երկրներում` օգտագործում ենք մեր գործունեության վեց տասնամյակներում կուտակած փորձը, հնարավորություն ստեղծելու համար այնտեղ, որտեղ առավել անհրաժեշտ է: 2016 ֆինանսական տարում, օգտագործելով մեր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը` օգնել ենք մասնավոր հատվածին վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը, հասցնելով մեր երկարաժամկետ ներդրումները զարգացող երկրներում շուրջ 19 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Stay Connected
www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com\ifc_org

Տեսանյութեր

Լրահոս