Բաժիններ՝

Ոստիականությունը հայտարարություն է տարածել

Հարգելի քաղաքացինե՛ր:
Վերջին տարիներին լայն տարածում ստացած՝ տոնական հրավառությունների ավանդույթը դարձել է մեր կենցաղի մասը: Միևնույն ժամանակ՝ անզգուշությունը, անփութությունն ու անտարբերությունը, մասնավորապես՝ գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելը, կարող են դժբախտ դեպքերի պատճառ դառնալ:

Հիշեցնում ենք, որ հասարակական կարգի և անվտանգության նկատառումներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական սարքեր օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100000 դրամի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:

ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ «լռության ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ՝ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23-ից մինչև հունվարի 1-ի ժամը 1-ը:

Ընդգծենք, որ օրինախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելը չէ, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը:

Չմոռանանք, որ շրջապատում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց անդորրը խախտվում է հատկապես գիշերային հրավառությունների պատճառով:

Չմոռանանք, որ հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը գերազանցապես մենք ենք՝ քաղաքացիներս, հետևաբար առաջին հերթին մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անվտանգության համար:

Ոստիկանությունն այս ոլորտում ևս ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունը՝ համոզված, որ միայն փոխադարձ հոգածության ու հարգանքի պահպանման դեպքում է հնարավոր պահպանել և ամրապնդել օրինականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս