«Ռուսաստանն ու Հայաստանն ազնիվ խաղ են վարում». «Ռոսիա-24»-ի անդրադարձը Հայաստանին
«Ռոսիա-24» հեռուստաընկերության կիրակնօրյա տեղեկատվական- վերլուծական հաղորդման շրջանակում «Ռուսաստանն ու Հայաստանը վարում են ազնիվ խաղ» վերնագրված ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Սիրայի հայ համայնքին, համայնքի ձևավորման պատմությանն ու ներկային, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը։
«Մինչ Սիրիայի զինված հակամարտությունը երկրում բնակվում էր մոտ 100 հազար էթնիկ հայ, միայն Հալեպում՝ 60 հազար։ Փրկվելով պատերազմից և ահաբեկիչներից՝ նրանցից շատերը գնացին պատմական հայրենիք։ Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով՝ երկիր է ժամանել մոտավորապես 20 հազար սիրիացի փախստական։
Իշխանություններն ու բարեգործական կազմակերպությունները նրանց օգնում են, օգնում աշխատանքի տեղավորվել, ցուցաբերում են բժշկական օգնություն, ապահովում են բնակարանով։ Հաշվի առնելով Հայաստանի 3 մլն բնակչությունը, Հայաստանը ապաստանած փախստականների թվով եվրոպական պետությունների եռյակում է»,- ասվում է ռեպորտաժում։
Այնուհետ անցում կատարելով երկու երկրների պատմության ու մշակութային ընդհանրություններին՝ նշվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ վարել ու վարում են ազնիվ խաղ քաղաքական ու տնտեսական ոլորտներում, գործընկեր երկրներ են, ՀԱՊԿ դաշնակիցներ՝ 450 միլիոն դոլարի հասնող առևտրաշրջանառությամբ։
«Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր ներդրողն է»,- ասվում է ռեպորտաժում։
«Կան սպասումներ, որ տնտեսական հարաբերությունների մակարդակը դեռ կբարձրանա՝ կապված նոր վարչապետի նշանակման հետ։ Արտաքին կապերը վարչապետը մտադիր է միայն ամրապնդել։
Մինչև օրս ռուսերենն առանձնահատուկ կարգավիճակ ունի։ Երևանում մինչ օրս կա 13 ռուսական դպրոց, 30-ում ռուսերենը ուսումնասիրում են խորացված, մյուսներում այն պարտադիր առարկա է»,- ասվում է ռեպորտաժում, որտեղ ներկայացվում է նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։
Անդրադառնալով գինեգործությանը՝ նշվում է, որ այս տարի գինու արտահանումը Ռուսաստան ավելացել է 20 տոկոսով։ Կոնյակի մատակարարմամբ Հայաստանը պահում է առաջատարի դիրքերը՝ դրա մասնաբաժինը կազմում է մինչև 40 տոկոս՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։