«Էրդողանական Թուրքիան վերածվում է Ադրբեջանի». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ մերձավորարևելյան իրադարձությունները բավականին հետաքրքիր ձևով են զարգանում. «Ըստ շրջանառվող լուրերի՝ այնտեղ ստեղծվում է կոալիցիա՝ 100 հազար զինվորից բաղկացած, որը ռազմական գործողություն է իրականացնելու Մոսուլում: Մոսուլում այդ կոալիցիայի դեմ կգործեն 4-5 հազար ԻՊ զինյալներ»:
Ըստ նրա՝ այդ կոալիցիայում լուրջ դերակատարում է ունենալու քրդական բանակը. «Թեկուզ այդ կոալիցիան փխրուն է, բայց նրանք որոշակի հաջողություններ կունենան, ուղղակի ամեն ինչ կախված է ժամանակից»:
Մոսուլը, ըստ նրա, ոչ միայն լուրջ տարածք է, այլ նաև նավթի աղբյուր: Իսկ մեզ համար այդ իրադարձությունները, քաղաքագետի խոսքով, կարևոր են նրանով, որ Իրաքը մեզնից այդքան էլ հեռու չի գտնվում, և բացի դրանից՝ Հայաստանին ուղղակի առնչվում է քրդերի կողմից Քուրդիստանի ստեղծման խնդիրը:
«Հետաքրքիր դինամիկա է նաև Սիրիայում: Այնտեղ կարծես համաձայնություն կա, որի արդյունքում՝ թուրքերը դեմ չեն լինի նաև ազդել Մոսուլի գործողությունների վրա: Տեղեկություններ կան, որ քրդական զինյալների կազմում, որոնք կռվելու են Մոսուլում, կան թուրքոմաններ: Դա հետաքրքիր նշան է ու կարող է նշանակել Թուրքիայի աջակցությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիայի դերակատարումը մեծանում է, իսկ ռուս-ամերիկյան հակասությունները թույլ չեն տալիս համապատասխան ազդեցություն ունենալ դրա վրա:
Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան ադրբեջանանում է. «Էրդողանական Թուրքիան վերածվում է Ադրբեջանի: Թուրքիայում պայմանական դեմոկրատիան մնացել է անցյալում: Հեղաշրջման փորձի կանխումը, քաղաքական գործիչների, մտավորականների ձերբակալությունը վկայում են այն մասին, որ դիմադրողներ էլ չկան: Ես կարծում եմ, որ ապրիլին կարող ենք սպասել սահմանադրական փոփոխությունների ու Թուրքիայի վերջնական ադրբեջանացման»: