«Նախագահը պատահական մարդու չէր նշանակի»

Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայկական ուժերը պետք է համարձակություն ունենան առաջինը դիվերսիոն գործղություններ կատարել. «Բայց արի ու տես՝ քաղաքական դաշտն այնպես է, որ մենք մեր սահմանները պաշտպանում ենք, իսկ իրենք ագրեսիայի են գնում ու ուզում են ինչ-որ տարածքներ վերցնել: Սա նշանակում է՝ մենք մշտական պատերազմի մեջ ենք, և այդ բաները սպասելի են: Ես զարմանում եմ, երբ այդքան խելացի մարդիկ ունենք ու խոսում ենք դիվերսիոն գործողությունները կանխելու մասին. այսօր տեխնոլոգիան էլ այնքան զարգացած է, որ ամբողջ աշխարհին օգուտ ենք տալիս, բացի Հայաստանից: Դա երևի գալիս է մեր որոշ ղեկավարների սխալ քաղաքականությունից: Ես կարծում եմ՝ առանց մարդ զոհելու ու միայն տեխնիկական միջոցներով մենք կարող ենք սահմանները հսկել»:

Նրա խոսքով՝ մենք շատ զինատեսակներ ու տեխնիկաներ կամ չունենք, կամ գաղտնի են պահում. «Եթե ամեն ինչ ունեինք, ապա ապրիլյան դեպքերի ժամանակ ինչո՞ւ չկիրառվեցին ու այդ մեծ մասշտաբով հարձակումը չկանխվեց: Ես չեմ ասում, որ իշխանությունները պարտավոր են ռազմական բոլոր գաղտնիքները բացել աշխարհին, բայց սահմանին այդ մեկն ապացուցվեց: Ես կարծում եմ՝ եթե այդ տեխնիկան իսկապես ունենայինք և կիրառեինք, ապա 120-ից ավելի զոհեր չէինք ունենա»:

Հարցին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հույսեր կապո՞ւմ է, նա պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա. «Նոր վարչապետին, նոր նախարարին բան չունեմ ասելու: Թող մի քիչ հնանան, տեսնենք՝ ինչ կանեն, ու կասենք»:

Հայդուկ ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանը ևս պատասխանեց այս հարցին ու նշեց, որ Վիգեն Սարգսյանին նշանակել է գերագույն գլխավոր հրամանատարը, որը տեղյակ է սահմանի յուրաքանչյուր քար ու թուփին, ու ըստ նրա՝ երևի ստուգել է Վ. Սարգսյանի ունակությունները, նոր նշանակել է. «Ազատամարտիկների ջոկատները սերտ համագործակցում են ՊՆ-ի հետ, որը կոորդինացնում է Վարդան Ավետիսյանը,, և ակնկալիքներ կան նոր նշանակումից: Չեմ փնովում նաև Սեյրան Օհանյանին, նա շատ գիտակ անձնավորություն է, բայց նախագահը պատահական մարդու չէր նշանակի»:

Հարցին՝ համաձա՞յն է Սիսլյանի հետ, որ հայկական կողմը պետք է դիվերսիոն գործողություններ իրականացնի, ոչ թե՝ պաշտպանվի, այլ՝ հարձակվի, նա պատասխանեց, որ համաձայն է. «Ամենալավ պաշտպանությունը հարձակումն է: Մինչև ե՞րբ պաշտպանվենք, երբ բորենիների նման թաքնված են այնտեղ, սպասում են հարմար պահի ու սպանում մեր զինվորներին: 1995թ. մինչ օրս 2000-ից ավելի զինվոր ենք կորցրել»: Նա նաև ասաց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ միգուցե նախապես զեկուցվել է, բայց ինչ-որ բան թաքցրել են: Սակայն չմանրամասնեց՝ ինչի մասին է խոսքը:

Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանն էլ նշեց, որ հայ մարտիկը երբեք նախահարձակ չի եղել, բայց արժանի հակահարված է տվել. «Մեր բանակն ամուր է ու պրոֆեսիոնալ. Եթե ինչ-որ բան են անում, անում են լուռ, դրա մասին չեն խոսում, ինչպես անում է հակառակորդ կողմը, որը փորձում է շոուներ կազմակերպել»: Նորանշանակ նախարարը, ըստ նրա՝ բավականին փորձառու է երկրի արտաքին ու ներքին խնդիրները գիտի, դիվանագիտական բարձր գիտելիքներով և ունակություններով անձնավորություն է, իսկ բանակին անմիջական առնչվող անձնավորությունը շտաբի պետն է, որը, ըստ նրա՝ ևս պրոֆեսիոնալ է. «Մեր բանակը չի ունեցել ոչ վատ նախարար, ոչ վատ շտաբի պետ: Եթե այդպիսիք ունենայինք, այսօր չէինք լինի այն դիրքերում, որտեղ կանք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս