Bloomberg-ն անդրադարձել է «Թուրքական հոսք» գազատարում «Գազպրոմի» ներդրումներին
«Գազպրոմը» 2016թ. «Թուրքական հոսք» գազատարում կկատարի 23.5 մլրդ ռուբլու չափով ներդրումներ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով կոնցեռնի եվրապարտատոմսերի նոր թողարկման մասին հուշագրին։
Համաձայն ընկերության նյութերի, որոնք հրապարակվել են այս տարվա հունվարին, «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» վրա ծախսել է 64.673 մլրդ ռուբլի։
Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ։
Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը:
Ավելի վաղ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել:
«Համաձայնագիրը նախատեսում է գազատարի երկու ճյուղի շինարարություն Սև ծովի հատակով»,- հայտնել էր Միլլերը:
Նրա խոսքով՝ երկու ճյուղերը պետք է կառուցվեն մինչև 2019թ. դեկտեմբերը: