Իրաքի քրդերն սկսել են ԴԱԻՇ-ից ռազմավարական Բաշիկա շրջանի ազատագրումը
Իրաքի քրդական աշխարհազորայինները (Փեշմեգա) սկսել են հարձակումը ռազմավարական կարևոր բնակավայր Բաշիկայի վրա, որը գտնվում է Մոսուլից 20 կմ հեռավորության վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Փեշմեգայի ջոկատները վաղ առավոտից 3 շարասյուներով հարձակվում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների բնակավայրի վրա։
Գործողությանը մասնակցում են զրահատանկային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում է Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին։
Վերջին տվյալների համաձայն՝ Բաշիկայում գտնվում է մինչև 100 ահաբեկիչ։
Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, թե Բաշիկան ամբողջությամբ շրջապատված է և դրա ազատագրումը ընդամենը ժամանակի հարց է։
Բաշիկան, որտեղ բնակվում են գերազանցապես քրիստոնյաներ ու եզդիներ, Փեշմեգան շրջապատել է հոկտեմբերի 23-ից։