
Քրդերն ու նրանց դաշնակիցները հայտարարել են ԴԱԻՇ-ի մայրաքաղաք Ռաքքայի վրա հարձակման մասին

Ապստամբների կոալիցիան, որը գործում է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտարարել է Ռաքքայի ուղղությամբ հարձակողական գործողություն սկսելու մասին:
Սիրիայի հյուսիսում՝ Հալեպից 160 կմ դեպի արևելք գտնվող քաղաքը համարվում է այսպես կոչված խալիֆաթի մայրաքաղաքը:
Ռազմական գործողության մասին հայտարարել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչները: Կոալիցիայի մեջ մտնում են քրդերը, ինչպես նաև արաբական տարբեր ցեղերի աշխարհազորայինները:
Հայտարարվել է, որ հարձակմանն աջակցելու է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիան:
Մինչև Ռաքքայի գրոհումը «Սիրիայի դեմոկրատական ուժերը» պետք է մինչև 50 կմ մարտեր մղելով առաջ շարժվեն: Որոշ վերլուծաբաններ վստահ չեն, որ քրդերի և աշխարհազորայինների ուժերը դրա համար կբավականացնեն: