
ԱՄՆ-ը նախազգուշացնում է եվրոպական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության վրա

ԱՄՆ-ի նախընտրական արշավի ընթացքում մի շարք ցանցահենային հարձակումներից հետո ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները համոզված են, որ Ռուսաստանը 2017-2018թթ. մտադիր է նույնկերպ միջամտել արևմտաեվրոպական երկրների ընտրությունների ընթացքին, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ ռուսական ազդեցության հետ առաջին անգամ են բախվել, Եվրոպայում Կրեմլը վաղուց շփումներ է պահպանում որոշ քաղաքական գործիչների հետ, բացի այդ, կապեր է հաստատում եվրասկեպտիկների հետ, որոնց դիրքերը ուժեղացել են՝ կապված փախստականների ու ներգաղթյալների հոսքի հետ:
Եվրոպայում կայանալիք մոտալուտ ընտրությունների թվում, որոնց վրա կարող է ազդեցություն ունենալ Ռուսաստանը, Նիդեռլանդների խորհրդարանի (մարտ), Ֆրանսիայի նախագահի (ապրիլ-մայիս), ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագի (աշնանը) ընտրություններն են: