ՀՀ զինված ուժերում նշվել է Հետախույզի օրը

Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ:

12976

12977

12979

Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։

Հետախույզներին ուղղված շնորհավորական խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հատուկ նշանանակության ստորաբաժանումների առանձնահատկությունն այն է, որ հակառակորդի յուրաքանչյուր ժամանակավոր հաջողություն չեզոքացնելու և դիրքային իրավիճակն անխաթար պահելու համար առաջինը մարտի են նետվում հենց այդ ստորաբաժանումները:

12984

12983

12982

«Իսկ հետախույզի մասնագիտությունը յուրահատուկ է նրանով, որ կատարում են «վաղ ազդարարման համակարգի» եզակի առաքելությունը` հրամանատարությանն ու մյուս բոլոր զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ տալով ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու նրանց տեղաբաշխվածության, այլ նաև մտադրությունների և նպատակների մասին: Եվ այդ անտեսանելի ճակատում ձեր ձեռքբերումներով են պայմանավորվում ոչ միայն իրական բնագծերում զորքերի ունեցած հաջողություններն ու սահմանների հուսալի պաշտպանությունը, այլև այն հնարավորինս անկորուստ և անվտանգ կերպով իրականացնելու կարևորագույն խնդրի կատարումը»,-ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջադրանքները պատվով և անձնվիրությամբ կատարելու շնորհիվ է, որ հակառակորդի բազմաթիվ ծրագրեր հօդս են ցնդել:

12985

«Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք նոր իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես, ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ: Կազմավորման 25-րդ տարեդարձին նախորդող ամիսները Հայկական բանակի համար առանձնանում են ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ համալրման մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցներն առաջին հերթին հատկացվում են հենց հետախույզներին: Այդպիսիք դուք ստացել եք, ու դեռ շատ կստանաք, արդեն իսկ կիրառում եք և վստահաբար տեսել եք, որ դրանցից շատերը մշակվել և արտադրվել են Հայաստանում: Համոզվել եք, որ մենք այլևս ընտրել ենք ոչ թե սպառազինության ու մարտական տեխնիկայի մեծաքանակ գնումներ իրականացնելու, այլ հայկականը` ավելի արդիականն ու բարձր տեխնոլոգիականը ստեղծելու և արտադրելու ճանապարհը»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով զգոնություն ու աչալրջություն` ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու իրենց մասնագիտական դժվարին ծառայության ընթացքում անխուսափելի վտանգները:

12976

Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, անվանական նվերներով և պատվոգրերով:

Տեսանյութեր

Լրահոս