«Ընտրությունները միշտ էլ լավ բան են …». Ստեփան Սաֆարյանը՝ երթևեկության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու նախորդ նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսել էր տրանսպորտի համակարգի արդիականացման մասին՝ նշելով, որ մեծ քաղաքների օրինակով են շարժվելու: Նա հայտնել էր, որ նպատակ ունեն, որպեսզի Երևանում լինի երթևեկության միասնական տոմս՝ ավտոբուսի, մետրոյի էլեկտրատրանսպորտի համար, և լինի մեկ օպերատոր։
168.am-ի հետ զրույցում ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեռևս 2013 թվականից սկսած ներկայացրել է մեկ միասնական օպերատոր ունենալու գաղափարը։
«Ներկայիս տրանսպորտային համակարգի վերանայումն ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է, եթե չասեմ՝ գերուշացած հրամայական է։ Քաղաքը մեծ լինի թե փոքր, այնուամենայնիվ, մեկ միասնական կենտրոն, կարգավորում է պետք, որտեղ, իհարկե, պետք չէ բացառել մասնավոր օպերատորների գործառնությունը, բայց այդ մեկ օպերատորի շրջանակներում, երբ նրանք կարողանան իրենց բաժնեմասերով մասնակից դառնալ քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնելու գործընթացին։ Այս կտրվածքով դեռևս 2 տարի առաջ Ազգային ժողովում կատարվեց փոփոխությունը՝ նաև մեր պահանջներից հետո, և այնտեղ սահմանվեց մեկ օպերատրի գաղափարը հենց այն տեսքով, ինչ ես ներկայացրեցի, երբ մասնավորը նույնպես կարող է բաժնեմասեր ունենալ այդ մեկ օպերատորի մեջ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ քանի որ քաղաքի համար այդ համակարգի ներդրումը պահանջում էր նախնական ուսումնասիրություններ, Երևանի քաղաքապետարանը ներգրավեց միջազգային մի կազմակերպության, որն ուսումնասիրություններ էր կատարում, և պարբերաբար նաև ավագանու անդամներին է քաղաքապետարանում հաշվետվություն ներկայացվել ընթացքի մասին։ «Ամեն տարի մենք չենք մոռացել այս խնդիրը և բարձրացրել ենք։ Անցյալ նիստի ընթացքում արդեն Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ աշխատանքները մոտ են ավարտին, և այն, ինչ ամրագրվեց օրենքում երկու տարի առաջ, արդեն կարող է նաև դառնալ իրականություն»,- նկատեց Ս. Սաֆարյանը։
Մեր այն հարցին, թե ի՞նչ ռիսկեր կարող են լինել այս փոփոխության արդյունքում՝ Ս. Սաֆարյանը համաձայնեց, որ իրոք կան ռիսկեր։ Նրա խոսքով՝ ռիսկերը կապված են նրա հետ, որ մեր ավտոպարկը չափազանց հին է ու արժանապատիվ տրանսպորտ ապահովելու չափանիշներին չի համապատասխանում, որում, ըստ մեր զրուցակցի, ամեն օր համոզվում ենք։ Ս. Սաֆարյանի փոխանցմամբ՝ այդ առումով նոր և բարձրորակ փոխադրամիջոցների ներդրումը պահանջում է լուրջ ներդրումներ։
«Այս կտրվածքով նույնպես, ինչպես Տարոն Մարգարյանը հայտարարեց, բանակցություններ են վարվում, որպեսզի դրանք լինեն։ Երկրորդը մեկ միասնական տոմսի հարցն է, երբ ամբողջ քաղաքում երթևեկելու համար հնարավոր կլինի օգտվել մեկ միասնական տոմսից՝ կլինի դա մետրո թե ավտոբուս։ Բնականաբար, սա բերելու է տոմսի ինքնարժեքի բարձրացման։ Իսկ սա արդեն սոցիալական լուրջ խնդիր է ստեղծում աղքատ հասարակության մեջ, որի շատ անդամներ, համենայն դեպս, աջակցության կարիք են զգում։ Այս առումով հայտարարություն հնչեց, որ սուբսիդավորման խնդիրը կարծես թե պետք է լուծվի, երբ կլինի նաև որոշակի աջակցություն պետության կողմից, այսինքն՝ չի ընկնի բեռն ամբողջությամբ հանրության վրա»,- նշեց մեր զրույցակիցը
Ս. Սաֆարյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք տարիներ առաջ դրվել են և՛ իրենց կողմից, և՛ հանրության կողմից, և այժմ կարծես քաղաքային իշխանությունները շարժվում են դրանց վերաբերյալ պատշաճ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Մեր այն հարցին՝ եթե չկարողանան տրանսպորտի տոմսի վճարի առումով լայն շերտերի համար հասանելի թիվ սահմանել, նոր բողոքի ալիք չի՞ բարձրանա, ինչպես նախկինում է եղել՝ Ս. Սաֆարյանը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է՝ լինի. «Ուղղակի, նայած, թե բողոքի արգումենտացիան որն է։ Այն ժամանակ ուղղակի շատ մութ պատմություն էր։ Ուղևորափոխադրող կազմակերպություններն ասացին, որ, երբ իրենք մասնակցել են մրցույթին ու շահել են այդ երթուղիները, իրենց խոստացվել է, որ՝ «հիմա էժան կքշեք, ընտրություններից հետո կթանկացնենք»։ Նախ՝ այս խնդիրը կար, երկրորդ՝ այդ թանկացումը չէր ուղեկցվում նաև որակի բարձրացումով։ Հետևաբար, մարդկանց համար անհասկանալի էր, թե ինչու պետք է գերշահույթներ ստանան ուղևորափոխադրող կազմակերպությունները, եթե դրա արդյունքում ծառայությունների որակը չի բարձրանում։ Հիմա մենք, իհարկե, կունենանք մի փոքր այլ իրավիճակ։ Միգուցե որոշակի շերտերի մոտ կլինեն դժվարություններ և դժգոհություններ, բայց նաև, եթե համակարգը ներդրվի, կունենանք բարելավված որակ։ Թե ի՞նչ ձևով հասարակությունը կընկալի կամ կընդվզի դրա դեմ, այս պահին դժվար է ասելը»։
Մենք նաև Ս. Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ մոտավոր ե՞րբ կարող է դա իրականություն դառնալ։ Ի պատասխան՝ նա ասաց. «Մի կողմ եմ դնում, որ պրոցեսի տեխնիկական և նաև այլ խնդիրների լուծումը բավական ժամանակ է պահանջում։ Սա մի խնդիր է, որը պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել, և այս առումով, իհարկե, այս խնդիրների և՛ տեխնիկական, և՛ քաղաքական լուծումները ժամանակ են պահանջում, բայց նաև ակնհայտ է, որ Երևանի քաղաքային իշխանությունները շտապում են նաև մեկ այլ պատճառով, քանի որ հաջորդ տարի ընտրություններ են, իսկ խոստումները տրվել են չորս տարի առաջ, փաստացի որևէ լուրջ արդյունք ցույց տալու համար ստիպված են ուղղակի արագացնել պրոցեսը և սևերես դուրս չգալ հանրության առաջ»։
Մեր այն հարցին էլ, թե նախագահի և վարչապետի վերջերս տված հանձնարարականները՝ երթևեկության ոլորտը կանոնակարգելու հետ կապված, նո՞ւյնպես դիտարկում եք այդ նախընտրական քայլերի շրջանակներում՝ Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Վատ բան չեմ ասում, բայց ընտրությունները միշտ էլ լավ բան են, հենց դրա համար, որքան շատ ընտրություններ լինեն, այնքան հաշվետվողականությունն ու սթափությունն ու զգոնությունը շատ է լինելու, դա հարկադրում է մարդկանց լուրջ վերաբերվել և՛ այն խոստումներին, որոնք տրվել են տարիներ առաջ, և՛ այն հաշվետվությանը, որը պետք է ներկայացնեն առաջիկա ընտրություններին»։