ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին աջակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման ծրագրերում

Գիտակրթական համագործակցության զարգացումը` հանդիպման առանցքում
ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և  մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին: Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը  նշել է, որ  թեպետ  Ռուսաստանի հետ կրթամշակութային  ոլորտում պատմականորեն գոյություն ունեցող  բարեկամական հարաբերություններին, այդուհանդերձ այսօր երիտասարդների մոտ առկա են որոշակի խնդիրներ, ինչպես ռուսաց լեզվի իմացության, այնպես էլ  ժամանակակից մասնագիտական գրականության հասանելիության առումով:

Միխայիլ Շվիդկոյը  ՀՀ ԿԳ նախարարին է  փոխանցել  ՌԴ կրթության և գիտության նախարար  Օլգա Վասիլևայի ողջույնը` կրթության ոլորտում առկա համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին աջակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման, ուսուցիչների վերապատրաստման և ոլորտում իրականացվելիք համատեղ այլ ծրագրերում:

Նախարար Լևոն Մկրտչյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանն այս տարվանից անդամակցում է եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցին, այդ համատեքստում  նա առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում  նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:

Նախարարի  խոսքերով  «Հորիզոն 2020» ցանցի  ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել  գիտական, նորարարական  հետազոտություններ`  ներգրավելով տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող հետազոտողներին ու գիտահետազոտական ենթակառուցվածքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, կրթական հաստատությունների միջև համագործակցության, ուսանողների գարծնական պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս