«Դեռ հնարավորություն կա «Հանրապետականին» Վանաձորում դարձնել ընդդիմադիր խմբակցություն». Քրիստ Մարուքյանը՝ այսօրվա ավագանու նիստը բոյկոտելու մասին

Վանաձորի ավագանու առաջին նիստը «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների անդամների բոյկոտի պատճառով այսօր չի կայացել: Նշված խմբակցությունների անդամները չեն եկել ավագանու նիստին, ինչի արդյունքում քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվել է: Նիստին ներկա են եղել միայն ՀՀԿ և ՀՅԴ անդամները, այսինքն՝ ավագանու 33 անդամներից նիստին ներկա է եղել ընդամենը 15-ը:

168.am-ի հետ զրույցում Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասաց, որ նախապես էլ հայտարարել են՝ Մամիկոն Ասլանյանի օգտին 4 հոգուն բացահայտելու խնդիր կար. «Այդ 4 հոգին եթե մասնակցեին, ապա բավարար էր, որ նիստ գումարվեր, և ուզում էինք տեսնել՝ ո՞ւմ միջոցով հնարավոր եղավ ընտրությունն իրականացնել: Եթե մենք չենք մասնակցում, ՀՀԿ-ն պարտադրված էր լինելու այդ 4 հոգուն ներգրավել, քվորում ապահովել և իրականացնել նիստ: Բայց ինչպես տեսանք՝ դա տեղի չունեցավ, ու ենթադրությունը մեկն է, որ այդ 4 ձայնը ստացվել էր ճնշումների արդյունքում: Հակառակ պարագայում, եթե մարդիկ իրենց ազատ կամարտահայտությամբ քվեարկած լինեին ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, որևէ խնդիր չէր լինի բացահայտվելու, դրա մասին հրապարակավ հայտարարելու, նիստին մասնակցելու ու մնացած օրակարգային քայլերն առաջ տանելու համար: Բայց այսօրվա չկայացած նիստը ցույց է տալիս, որ իրականում ՀՀԿ-ն չունի քաղաքը կառավարելու մանդատը, աջակցությունը և այդ մանդատագողությունը տեղի է ունեցել՝ որպես միանգամյա գործողություն, այսինքն՝ որևէ շարունակություն կամ հաջորդ քայլ պլանավորված չի եղել»:

Հետաքրքրվեցինք, թե որքան են պատրաստվում շարունակել նմանատիպ բոյկոտները: «Այս բոյկոտն իր առաջին պտուղը տվել է. մենք հասկացանք, որ չեն վայելում այն աջակցությունը, որի մասին ի սկզբանե խոսվում էր: Հիմա ես առաջարկել եմ հաջորդ նիստը գումարել մեկ օրակարգային հարցով. քանի որ չկա կառավարելու մանդատը, ներկայացնել հրաժարականի դիմում ու այդ մեկ հարցով գումարել նիստ: Եթե կլինի նիստ, որի օրակարգում կլինի այդ մեկ հարցը, կապահովվի մասնակցություն և քվեարկություն: Հակառակ պարագայում՝ որևէ այլ օրակարգով նիստ, կարծում եմ՝ կարժանանա նույն ճակատագրին»,- պարզաբանեց Ք. Մարուքյանը:

Նա նաև հավելեց, որ ըստ օրենքի՝ եթե նստաշրջանի ժամանակահատվածում 3 ամիս շարունակ նիստ չի գումարվում, ապա ավագանին լուծարվում է, ու նշանակվում են նոր ընտրությունները: «ՀՀԿ-ն չունի քաղաքը կառավարելու մանդատը, ու դեռ հնարավորություն կա «Հանրապետականին» Վանաձորում դարձնել ընդդիմադիր խմբակցություն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս