
ԱՄՆ պետդեպը մտահոգված է Թուրքիայում վերջին զարգացումների առնչությամբ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների, այդ թվում և համանախագահների ձերբակալության փաստի, ինչպես նաև համացանցի արգելափակման առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտ արարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:
«ԱՄՆ փոխպետքարտուղար Բլինկենը խոսել է Թուրքիայի պետքարտուղար Յալչընի հետ և բարձրացրել է այս մտահոգությունները: Նա հստակեցրել է, որ երբ ժողովրդավար պետությունը օրինական գործողություն է սկսում ընտրված ներկայացուցիչների դեմ, այն պետք է գործի այնպես, որ ամրապնդվի հասարակության վստահությունն օրենքի գերակայության նկատմամբ»,- հայտնել է Քիրբին: Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Բլինկենը նշել է նաև, որ համացանցի սահմանափակումները խաթարում են վստահությունը Թուրքիայի ժողովրդավարության և տնտեսական զարգացման նկատմամբ: