«Ձեզ ո՞վ էր իրավունք տվել Հովիկ Աբրահամյանին այդպես խայտառակել». Պարույր Հայրիկյանը՝ ՀՀԿ-ականներին

«Վերջին շրջանի բոլոր լուրերի մեջ երկու լուր կա, որ մարդկանց լավատեսորեն տրամադրեց. Մեկը՝ մարզպետի հեռացումը, որը համարվում էր բազմաթիվ բացասական երևույթների խորհրդանիշը (նկատի ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին.- Ռ.Մ.), և երկրորդ՝ այն տեղեկատվությունը փոխնախագահի մակարդակով, որ Հայաստանում կարող է նաև իրանյան գազ մատակարարվել քաղաքացիներին: Մնացած ամեն ինչը կոսմետիկ բնույթ է կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ մի ուշագրավ բան էլ է տեղի ունեցել. «Հանրապետականը խոստովանեց իր կադրային սնանկությունը: 15 տարուց ավելի քաղաքական դաշտում գտնվող իշխող կուսակցական ուժն իր կուսակցության կազմից չկարողացավ գտնել վարչապետի թեկնածու: Եվ տեսեք՝ ինչ խանդավառությամբ, մանկլավիկի նման են ներկայացնում նոր վարչապետին: Նոր վարչապետը սկզբունքային մարդ է, բայց գաղափարական ուժի ներկայացուցիչ չէ: Իրենք խոստովանցին իրենց սնանկությունը՝ վարչապետ նշանակելով մի մարդու, որն իրենց թիմից չէ, և ավելին՝ ժամանակին այդ թիմը լքել էր, թեկուզ և դրա իրավունքն ու անձնական պատճառներն ուներ: Ես նոր վարչապետի հետ որևէ հույս չեմ կապում»:

Դիմելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա ասաց. «Ձեզ ո՞վ էր իրավունք տվել Հովիկ Աբրահամյանին այդպես խայտառակել, ո՞ր գործի համար եք իրեն քննադատում: Հովիկ Աբրահամյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ, բայց մարդուն նշանակել եք վարչապետ, հետն աշխատում եք, ու ոչ մի քննադատություն, ոչ մի սխալ քայլ: Հետո հանկարծ հեռացնում եք, ու պարզվում է, որ տնտեսությունն ահավոր վիճակում է: Այս արատավոր գործելակերպին պետք է վերջ տալ, ու վերջ տվողն իրենք չեն լինելու, այլ լինելու ենք մենք՝ մեր ժողովրդավարական դաշինքով»:

Նշենք, որ ասուլիսի թեման հենց ԱԻՄ-ի կողմից առաջարկվող Ժողովրդավարական դաշինքի ստեղծումն էր, որին այս պահին քաղաքական դաշտից միանալու որևէ առաջարկ չի եղել:

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե այդ դաշինքը չկայանա, Հայրիկյանն այլ նախաձեռնության կմիանա՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, նա պատասխանեց. «Եթե լինեն նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել Հայաստանում քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարին, իսկ մեր հիմնական կարգախոսը դա է, ապա մենք կմասնակցենք այդ քննարկումներին»:

Տեսանյութեր

Լրահոս