«Մենք` հայերս, որքան էլ ցրված լինենք աշխարհով մեկ, միևնույն է կապված ենք մեր մշակույթով, հիասքանչ մայրենի լեզվով». Սիբիլ
Պոլսահայ երգչուհի Սիբիլը նոյեմբերի 4-ին համերգով հանդես է եկել «Էմիլ Լահուտ» սրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, միջոցառմանը մասնակցել են «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայեանէ» պարի դպրոցի սաները:
Երգչուհին ներկաներին ողջունելով ասել է. «Հուզումով եմ սպասել ձեզ հետ հանդիպմանը: Մենք` հայերս, որքան էլ ցրված լինենք աշխարհով մեկ, միևնույն է կապված ենք մեր մշակույթով, հիասքանչ մայրենի լեզվով»:
Համերգին հնչել են հայրենասիրական, ժողովրդական և դասական երգեր: Ուշագրավ են եղել «Կարկաչ» երգչախմբի ընկերակցությամբ «Աւետեաց երկիր» և «Գայեանէ» պարախմբի հետ «Տեսնեմ Անին» երգերի կատարումները: Սիբիլը կատարել է նաև «Կիլիկիա» երգը:
Ցուցադրվել է նաև Սիբիլի «Վանայ լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Սիբիլն իր երգացանկի վերջին երգը` «Գետաշէն»-ը նվիրել է Արցախը պաշտպանող զինվորներին: