Բաժիններ՝

«Մենք անհամբեր սպասում ենք դեկտեմբերին կայացվելիք որոշմանը»

«Վերջին բնակիչը» ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Լոս Անջելեսում: Հնչած արձագանքների և տպավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց կինոնկարի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

Վերջերս «Վերջին բնակիչը» ֆիլմի փակ ցուցադրությունն էր Հոլիվուդյան լրագրողների ասոցիացիայի անդամների համար: Ի՞նչ արձագանքներ եղան: Սպասված կամ անսպասելի հարցեր հնչեցի՞ն:

-Այո՛, հոկտեմբերի 21-ին, Լոս Անջելեսում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի անդամների համար։ Ներկա էին նաև անդամներ՝ ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմից։ Թիմը՝ մեր ամերիկյան գործընկերների և ֆիլմի հանրային կապերի մասնագետի գլխավորությամբ, հնարավորություն ունեցավ ֆիլմի դիտումից առաջ և հետո կարճ զրույց ունենալ  անդամների հետ։ Արձագանքները, փառք Աստծո, դրական  էին, միայն թե հարցերի փոխարեն նրանցից  գովեստի  և խրախուսանքի խոսքեր լսեցինք, ինչն, անշուշտ, շատ ոգևորող էր։ Հզոր ֆիլմ» անվանելով նրանք չէին դադարում դրական կարծիքներ արտահայտել։

Կխոսե՞ք ցուցադրությունից հետո ձեր տպավորությունների և ակնկալիքների մասին:

-Այն, որ մեր ֆիլմը հասկանում և ընկալում են օտարները, մասնավորապես՝ Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի անդամները, արդեն իսկ աննկարագրելի զգացողություններ է առաջացնում։ Այս ամենը հպարտանալու և ոգեշնչվելու առիթ է տալիս: Մենք կարողացանք արդարացնել մեր նպատակը, ձգտումները և ջանքերը, և դա լուրջ քայլ է մեզ համար, ինչու չէ, նաև մեր առաջին հաղթանակներից է։ Հիմք է ստեղծվում մտածելու, որ Արցախի՝ մեզ հուզող թեման կկարողանանք հանել միջազգային ասպարեզ։

Հատկապես ու՞մ կարծիքն էր ձեզ համար ուշագրավ։ 

-Ինձ համար բոլորի կարծիքներն էլ նշանակալից են, բայց կցանկանայի առանձնացնել անդամներից մեկի համեստ անկեղծությունը. «Ես մոտ 25 000 ֆիլմ եմ դիտել, սակայն այս մեկն առանձնանում է իր ասելիքով և ոճով, այս ռեժիսորն ունի իր խոսքը»։ Մի՞թե սա ոգեշնչվելու առիթ չի կարող լինել, նման քանակի ֆիլմերի մեջ առանձնացնում են «Վերջին բնակիչը»: Ինձ համար իմ ստեղծագործական աշխարհում  չկա առավել մեծ երջանկություն, քան այն, որ  մարդիկ զգան ֆիլմը, ապրեն նրանով և բացահայտեն կինոնկարի պատմության՝ իրենց հորիզոնները։

Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ֆիլմի աշխարհագրությունն ընդլայնելու համար հնարավորություններ ընձեռո՞ւմ է:

-«Ոսկե գլոբուսն», այո, իհարկե, կինոժապավենի աշխարհագրությունն ընդլայնելու լայն հնարավորություններ է ընձեռում։ 90 միջազգային լրագրողներ, ովքեր աշխատում են Հոլիվուդում, ընտրություն են կատարում ֆիլմերի միջև։ Եթե հաջողվի, և մեր աշխատանքը նոմինացվի, ապա միջազգային հարթակներում այն ներկայացնելն ավելի դյուրին կլինի, քանի որ ֆիլմը՝ մրցանակաբաշխության ընթացքում, արդեն  իսկ հասցրած կլինի ճանաչում ձեռք բերել։ Մենք անհամբեր սպասում ենք դեկտեմբերին կայացվելիք որոշմանը՝ հուսալով, որ «Վերջին բնակիչը»  նույնպես տեղ կգտնի նոմինացված ֆիլմերի ցանկում և կմասնակցի 2017-ին այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը։

-Ֆիլմի հետ կապված նոր ծրագրեր կամ մտահղացումներ կա՞ն:

-Բոլոր մտահղացումները և ծրագրերը դեռևս առնչվում են ֆիլմը՝ միջազգային կինոփառատոններում ներկայացնելուն, ինչը շատ կարևոր է մեր թեման վեր հանելու համար։ Առաջիկայում՝ նոյեմբերի 17-ից այն մեծ էկրաններին կլինի. մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիտելու հայերեն ենթագրերով։ Ինձ համար կարևոր է ցանկացած կարծիք, հուսամ՝ ֆիլմը ջերմ ընդունելության կարժանանա նաև այստեղ։

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս