Բաժիններ՝

«Շատ բան եմ թողել Հալեպում, բայց ետ չեմ գնա»

asparez.am. Պատերազմի ականատեսի հիշողությունն ու մասնատված ընտանիքը.

-Հալեպում սովորում էի, հայկական դպրոց էի գնում…հիմա չեմ ուզում շատ բան հիշել: Երբ պատերազմը սկսվեց, մեր կյանքը լրիվ խառնվեց իրար: Չգիտեինք` տնից դուրս ելնեինք, թե՞` ոչ: Վախենալով էի գնում-գալիս խանութ: Ամեն անգամ դուրս գալուց չգիտեի` հետ կգայի՞, թե՞ ոչ: Ամբողջ օրը տանն էի,-ասում է 18-ամյա Հակոբ-Գեւորգ Կազանչյանը:

Նա սիրիական պատերազմի ականատես է: Ընդամենը 200 մետր հեռավորությունից ապրել եւ զգացել է պատերազմի շունչը, ականների եւ փլուզվող շինությունների փոշու հոտը: Ասում է` իրենց տունը Վանեզուելա թաղամասում է, իսկ դրանից շատ քիչ հեռու` պատերազմական գործողություններ են սկսվել:

-Շատ բան եմ թողել Հալեպում` իմ տունը, ընկերներին, հիշողություններ: Ոչ մի բան չեմ կարողացել բերել Հայաստան: Լավ օրերս թողել եմ Հալեպում, եկել` Հայաստան,-պատմում է պատերազմի ականատեսը:

Հակոբ-Գեւորգ Կազանչյանը Հալեպից Գյումրի է ժամանել ծնողների հետ: Անկեղծանում է` Հալեպում ապրելը ավելի հեշտ է: Հայերն այնտեղ ապրում են արաբների, թուրքերի հարեւանությամբ, վերջիններիս հետ ջերմ հարաբերությունների մեջ են:

-Երբ պատերազմը հասավ մեր թաղամաս, Հալեպում այլեւս հնարավոր չէր ապրել: Ընտանիքիս հետ եկա Գյումրի: Ծնողներս աշխատանքի պատճառով մեկնել են Երեւան, ես մնացել եմ Գյումրիում: Պատերազմը մասնատեց իմ ընտանիքը,-ասում է տղան եւ ավելացնում, որ Սիրիայում դեռ հարազատներ ունի: Նրանք վտանգի մեջ են:

-Քույրս ասում է, որ վտանգ դեռ կա: Մի կերպ, յոլա գնալով ապրում են: Ուզում են գալ, բայց հնարավորություն չեն տալիս, ճանապարհները փակ են: Հիմա իրենք Լաթաքիայում են ապրում: Հալեպում էլ հնարավոր չէ,-ասում է զրուցակիցս եւ հիշում պատերազմի դժվարին օրերին հաջորդած խնդիրները:

-Հայաստան գալուց հետո լավ էր, բայց միայն առաջին 10 օրը: Հետո հասկացա, որ ինձ ոչ ոք չի հասկանում: Օտարի աչքով էին նայում: Նեղում էին, ասում էին` իսլամիստ ես, տեռորիստ ես,-ասում է սիրիահայ երիտասարդը եւ ավելացնում, որ ուսումասիրել է Գյումրու բնակիչների խառնվածքը, բնավորության գծերը եւ այսօր հարմարվել նրանց ապրելակերպին: Այստեղ արդեն ընկերներ ունի:

Այժմ նա սովորում է թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, ապագա ռադիոտեխնիկ է: Սիրում է նախընտրած մասնագիտությունը, նախընտրում է նաեւ երաժշտությունը, նվագում բասկիթառ: Ազատ ժամանակ կամավորական հիմունքներով բարեգործական հասարակական կազմակերպություններում որոշ աշխատանք է կատարում: «Կվերադառնա՞ս Հալեպ». հարցս մտածելու առիթ է տալիս:

-Ընկերներ ունեմ, հիշողություններ, բայց չեմ գնա հետ, նույնիսկ եթե պատերազմ չլինի: Պատերազմից հետո մարդկանց հոգեվիճակը ավելի բարդ է: Կդժվարանամ այնտեղ ապրել,-եզրափակում է նա: Գյումրին Հակոբ-Գեւորգին գրավել է, այստեղ ապրելու որոշումը հաստատակամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս