ՍԴ նախագահը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ շքեղ առանձնատուն ունի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ՝ Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի և նրա կնոջ հայտարարագրերում թեև որևէ անշարժ գույք նշված չէ, բայց շրջակայքի բնակիչները պնդեցին, որ այդ տունը հենց նրան է պատկանում։
Մեզ չհաջողվեց ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից։ Վերջինս նույնպես ասաց,թե ինքը նման տեղեկություն չունի, իսկ Գ. Հարությունյանի փաստաթղթերում որևէ սեփականություն նշված չէ: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առանձնատան մասին նշում չկա հավանաբար այն պատճառով, որ «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքը չի պահանջում 2011թ. առաջ ձեռք բերված կամ օտարված գույքը հայտարարագրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։