Փոխնախարարը հանրային տրանսպորտով գործուղման է գնալու. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան է ՀՀ-ում, որ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից և աշխատանքի է գալիս հեծանիվով: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ 1 կմ հեռավորության վրա է ապրում, կարող է նաև ոտքով գալ:
Մեր հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել: Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գալ ընտանիքիս հետ: 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանիվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»: Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը 2 տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։