Աշխարհում ամենամեծ պիտբուլի տերերը շանն են վստահել դայակի պարտականությունները
Հալք անունով ամերիկյան պիտբուլտերիերի տերերը, որն ամենամեծն է աշխարհում, շանն են վստահել իրենց նորածին որդու խնամքը: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Նյու Հեմփշիրի նահանգից Մառլոն եւ Լիզա Գրենանները պատմել են, որ առանց որեւէ կասկածի եւ վախի 76 կիլոգրամ քաշով շանը թողնում են երեք ամսական երեխայի հետ:
«Դրանում արտակարգ ոչինչ չկա»,- ասել է փոքրիկի մայրը՝ ճշտելով, որ իրենց ավագ որդուն նույնպես «դաստիարակել են» Հալքը եւ ուրիշ պիտբուլներ, որոնք ապրում են ընտանիքում (թիվը չի ճշտվում):
25-ամյա Գրենանը նաեւ պատմել է, որ շունը երեխային սիրեց նրան տեսնելու առաջին իսկ պահից, հենց որ նրան ծննդատնից տուն բերեցին: Շունը նետվում է դեպի երեխան, հենց որ փոքրիկն սկսում էէ լաց լինել, եւ սկսում է լիզել նրան: Լիզան ենթադրել է, որ Հալքը սովորել է խնամել նորածնին՝ տեսնելով, թե դա ինչպես Է անում տիրուհին: