Բաժիններ՝

«Ես նրանց ասում էի՝ «տուրիստի նման ձեզ մի պահեք, գումարները խնայեք»». Հրանուշ Հակոբյանը՝ սիրիահայերի մասին

«Հոկտեմբերի 31-ից մինչև այսօր Հալեպից Հայաստան է ժամանել 28 հոգի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նա նշեց, որ Հայաստան ժամանած սփյուռքահայերը հիմնական երկու խնդիր ունեն՝ աշխատանքի և բնակարանի։ Հ. Հակոբյանի խոսքով՝ կացարանի լուծման խնդիրը շուտ է լուծվում, իսկ աշխատանքի տեղավորելու համար մի քիչ երկար ժամանակ է պահանջվում։ Ըստ նախարարի՝ այս հարցում միայն բյուջեից հատկացումները բավարար չեն, դրանք կյանքի կոչելու համար նախարարությանն աջակցություն են ցույց տալիս անհատներ և որոշ կազմակերպություններ։

«160 ընտանիք իրենց տան բանալիները բերել և հանձնել են մեզ, ուր մենք անվճար բնակեցնում ենք սիրիահայերին։ Նախարարությունը բազմիցս արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր է առաջարկել սփյուռքահայերին, մինչդեռ վերջիններս հրաժարվել են, որովհետև միշտ մտածել են, որ շուտով վերադառնալու են հայրենիք։ Եթե իրենք ընդունեին, որ այս դժվարությունները երկար էին տևելու, իրենք առաջին օրից իրենց գումարները շատ ավելի նպատակային կծախսեին։ Ես նրանց ասում էի՝ «տուրիստի նման ձեզ մի պահեք, գումարները խնայեք, որովհետև դուք երկար եք այստեղ մնալու»։ Չէին հավատում։ Իրենց թվում էր, որ լուծումները շատ արագ են լինելու»,- ասաց նա։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ներդրումների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո, Ձեր հորդորները՝ սփյուռքահայերի կողմից Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ, կիրականանա՞ն, նախարարը պատասխանեց, որ գալիս են և դնում են գումարներ, որովհետև բանկերում շահ են ստանում. «Նրանք հենց այնպես չեն դնում: Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա իմ վերջին շփումների արդյունքում շատերի մոտ կա վստահության աճ: Մտածում են՝ այստեղ ներդրումներն ակտիվացնեն»:

Ըստ նախարարի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վստահեցումներից հետո է ներդրումներ կատարելու հանդեպ ցանկություն առաջացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս