Հացի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները հայտնի են

«Հետք» լրատվական կայքն անդրադարձել էր տարեկանի հացի որակին, մասնավորապես բարձրացնելով որոշ արտադրողների կողմից տարեկանի հացի մեջ տարեկանի ալյուրի առկայության կամ բացակայության, ինչպես նաև մակնշման անհամապատասխանության խնդիրները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), սույն խնդիրները քննարկելու նպատակով, հանդիպում է կազմակերպել հրապարակման մեջ նշված հաց արտադրողների հետ: Քննարկմանը հաց արտադրողները հայտնել են իրենց անհամաձայնությունը հրապարակման արդյունքների և կասկած են հայտնել լաբորատոր փորձարկումների արդյունքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է մակնշման մեջ առկա անհամապատասխանություններին, ապա հաց արտադրողները պարտավորվել են շտկել դրանք:

Ծառայությունը սուպերմարկետների ցանցերում սննդամթերքի դիտարկումների ընթացքում անդրադարձել է նաև հացին:

Սուպերմարկետներում դիտարկումներից հետո, անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի հացի արտադրությունում, «Իմէքս», «Թոռնուհի Մանե», «Մարմարին» ՍՊԸ-ներում և «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ում ուսումնասիրվել է տարեկանի հացի արտադրության գործընթացում տարեկան ալյուրի առկայությունը և օգտագործումը, քանակությունների և դրա նորմատիվ փաստաթղթով սահմանված չափաքանակի համապատասխանությունը, հացի մակնշման մեջ նշված բաղադրության համապատասխանությունը արտադրությունում փաստացի օգտագործվող բաղադրիչներին. խախտումներ չեն հայտնաբերվել:

Հաց արտադրողների մոտ կատարված վերահսկողության ընթացքում Ծառայությունը կատարել է նաև նմուշառում: Նմուշառված տարբեր հացերի լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ  և «Մարմարին» ՍՊԸ կողմից տարեկանի ալյուրով արտադրվող հացերի նմուշները համապատասխանել են մակնշման մեջ առկա տեղեկատվությանը և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:

«Իմեքս» ՍՊԸ-ի արտադրության «Բորոդինսկի» հացը չի համապատասխանել միջուկի խոնավության ցուցանիշով, իսկ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրության «Ռժանոյ» հացի միջուկի թթվայնությունը կազմել է 2,450T, «Ստոլիչնի» ապրանքանիշի հացատեսակինը` 2,4 տոկոս: Lաբորատոր փորձաքննություններն իրականացվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Միաժամանակ փորձաքննություն է իրականացվել նաև «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից, որի փորձարկման արձանագրությունների համաձայն՝ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրության «Ստոլիչնի» և «Սլավյանսկի» հացերի միջուկի թթվայնությունը կազմել է համապատասխանաբար 2,540T և 2,630T, իսկ խոնավությունը՝ համապատասխանաբար 40,9 և 41,7 տոկոս:

Այսպիսով, «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրած հացերի բաղադրությունը չի համապատասխանում մակնշման բովանդակությանը, ինչպես նաև տարեկանի ալյուրով կամ տարեկանի և ցորենի ալյուրների համակցությամբ արտադրվող հացերի ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին, ինչը հացի մեջ տարեկանի ալյուրի սահմանված քանակից քիչ օգտագործելու կամ տարեկանի փոխարեն ցորենի ալյուրի օգտագործման արդյունք է:

Լաբորատոր փորձարկումների արդյունքները ներկայացվել են արտադրող տնտեսավարողներին՝ խախտումների և դրանց վերացմանն ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջով:

«Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի գործողություններում ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու հատկանիշների հիմքով պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմքով՝ Ծառայությունը դիմել է ՀՀ դատախազությանը:

Տեսանյութեր

Լրահոս