Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է «Ռուսական երթի» մասնակիցներին
Այսօր Մոսկվայում անցկացված հակակրեմլյան «Ռուսական երթի» նվազագույնը 7 մասնակից է ձերբակալվել, հայտնում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության մամուլի հաղորդագրությանը։
Գործակալության տվյալներով՝ նրանք ձերբակալվել են ճայթռուկների օգտագործման, դիմակներ կրելու, ինչպես նաև շղթաներ կրելու համար, որոնք արգելվում է բերել զանգվածային ակցիաներին։
Երթի մասնակիցները պնդում են, որ դեմ են հանդես գալիս Կրեմլի՝ բնակչության նկատմամբ քաղաքականությանը։
Մի քանի հարյուր մարդ՝ ազգայնական դրոշներով, վանկարկել են. «Ամեն ինչում Պուտինն է մեղավոր», «Կադիրովը մեր հերոսը չէ», «Ստալինը ռուս ժողովրդի դահիճն է»։
Իրավապաշտպան «ՕՎԴ-Ինֆո» պորտալը հայտնում է, որ ձերբակալվածների թիվը մինչև 16 մարդ է։ Պորտալի տեղեկություններով՝ երթի մասնակիցներից մեկը ձերբակալվել է ուկրաինական դրոշի պատճառով։
Ակտիվիստ Մարկ Գալպերինը, որը մասնակցել է երթին, հայտնել է պարբերականին, որ ձերբակալվածը քայլել է սլավոն ժողովուրդների շարքում, որտեղ եղել են տասնյակ դրոշներ, սակայն ձերբակալել են հենց նրան։ Գալպերինը հայտնել է, որ երթի մյուս մասնակիցները ձերբակալվել են դեմքը փակող շարֆերի պատճառով։
Ոստիկանության տվյալով՝ Լյուբլինոյի «Ռուսական երթին» մասնակցել է մոտ 350 մարդ։ Անձամբ մասնակիցները կարծում են, որ իրենց թիվը 1000-ից ավելի է եղել։
Նմանատիպ երթեր են տեղի ունեցել Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վոլոգդայում և ՌԴ մյուս խոշոր քաղաքներում։
Երթի մասնակիցներն ակցիայի անցկացման գրավոր թույլտվություն էին ստացել Մոսկվայի իշխանություններից միայն նոյեմբերի 3-ի առավոտյան։ Մինչ այդ, նրանց խոսքով, եղել են միայն բանավոր համաձայնություններ։
Որպեսզի համաձայնեցնեին «Ռուսական երթը» իշխանությունների հետ, կազմակերպիչները ստիպված են եղել հրաժարվել համերգից և կրճատել երթի անցկացման ժամանակը։
Կազմակերպիչներից մեկի՝ Յուրի Գորսկու խոսքով, պաշտոնյաները պնդել են անգամ փոխել միջոցառման պաշտոնական անվանումը։
«Ռուսական երթն» անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2005 թվականից՝ Ազգային միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին։