Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
Բնապահպան Սիլվա Ադամյանը բաց նամակով դիմել է Կարեն Կարապետյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Հաշվի առնելով հասարակության մտահոգությունը գայլերի զանգվածային ոչնչացման արդյունքում Հայաստանի կենսաբազմազանությանը հասցվող էական վնասի մասին,
Հաշվի առնելով, որ հասունացել է գիտական շրջաններում այս հարցը լուրջ քննարկման առարկա դարձնելու և խելամիտ լուծում գտնելու անհրաժեշտությունը,
Համոզված լինելով, որ Հայաստանի հասարակությունն ունի ցանկություն և պատրաստակամություն հարցը դարձնել լայն քննարկման առարկա և մասնակցել խնդրի շուրջ արդյունավետ որոշում կայացնելու գործընթացին,
Համոզված լինելով, որ Հայաստանում կա համապատասխան գիտական ներուժ հարցին էկոհամակարգային մոտեցման տեսանկյունից ընդունելի լուծում առաջարկելու համար,
Համոզված լինելով, որ ՀՀ ԲՆ կողմից վարվող՝ գայլերի ոչնչացման քաղաքականությունը չունի գիտական հիմնավորում, և պարզապես բյուջեի անտեղի վատնման ուղղություններից մեկն է,
Համոզվելով, որ արդեն մի քանի տարի այդ քաղաքականությունից բխող գործողությունների իրականացումը չի ապահովում ցանկալի արդյունքներ, անհեռանակարային ու անարդյունավետ է,
Գիտակցելով, որ գայլերի նկատմամբ ՀՀ ԲՆ վարած քաղաքականությունը հակասում է էկոհամակարգային մոտեցման սկզբունքներին, ողջամիտ չէ և կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի,
Գիտակցելով, որ այս գործելակերպը կարող է հասցնել մի շարք եվրոպական երկրների ճակատագրին, որտեղ ոչնչացման արդյունքում գայլերը դարձել են անհետացած տեսակ և վերջին տարիներին միլլիոնավոր գումարներ են ներդվում պոպուլացիան նորից վերականգնելու համար,
Մենք՝ «Փրկենք գայլերին» նախաձեռնող խմբի անդամներս պահանջում ենք՝
– Կայացնել գայլերի սպանդն անհապաղ դադարեցնելու որոշում
– Մասնագիտացված կառույցներին պատվիրել անցկացնել գիտական հետազոտություններ, որոնք կբացահայտեն գայլերի պոպուլիացիայի խնդիրները Հայաստանում,
– Որսի շրջանում տալ գայլերի միայն խիստ չափավոր որսի թույլտվություն, ինչը կկարգավորի գայլերի քանակը բնակավայրերին հարակից տարածքներում,
– Սահմանափակել այն կենդանատեսակների որսը, որոնք գայլերի համար հանդիսանում են սննդի աղբյուր,
– Գայլերի համար ստեղծել արհեստական կերակրման բազա և մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան սահմանափակել գայլերի զանգվածային տեղաշարժերը, ինչպես նաև նրանց ենթապոպուլիացիաների տարածման արեալները պահել համեմատաբար կայուն վիճակում,
– Անցկացնել միջոցառումներ Հայաստանի զարգացած անասնապահական շրջաններում հայկական գամփռների քանակի ավելացման ուղղությումբ, ինչը կնպաստի գայլերի հարձակումներից գյուղատնտեսական կենդանիների պաշտպանությանը։
«Փրկենք գայլերին» նախաձեռնող խումբ
Սիլվա Ադամյան