
Սկսվել է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, սկսել է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը «Օրգանական արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին մասնակցելու համար Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:
Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում:
2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ: