«Սրա մեջ է մեր ու ձեր ձախողումների հիմնական մասը` մենք ունենք խիստ քաղաքականցված բուհական ու կրթական համակարգ». Արամ Մանուկյանը՝ Լևոն Մկրտչյանին
«Կոռուպցիայի առումով շատ տխուր վիճակ է բուհերում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ներկայացնելով տվյալներ Բաց հասարակության ինստիտուտի հրապարակած զեկույցից, որտեղ, ըստ հարցման ցուցանիշների՝ կրթությունն ամենակոռումպացվածներից մեկն է, ուսանողների 75%-ն ասում է, որ իրենց դասախոսները կոռումպացված են, աշակերտներն ասում են, որ իրենց ծնողները կաշառք են տվել կամ պարբերաբար տալիս դպրոցում:
Ա.Մանուկյանը կարևորեց հանրակրթական համակարգն ապաքաղաքականացնելը և բուհերի ղեկավարներին զերծ պահելը քաղաքական ճնշումներից: Նա նշեց, որ բուհերը ոչ պաշտոնապես գումար են մուծում ՀՀԿ երիտասարդական հիմնադրամին:
«Սրա մեջ է մեր ու ձեր ձախողումների հիմնական մասը` մենք ունենք խիստ քաղաքականացված բուհական ու կրթական համակարգ»,- ասաց Ա.Մանուկյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ ռազմավարություն, որպեսզի բուհերում մրցկացությունն ավելանա, և ուսանող չընդունեն միայն ուսման վարձ ստանալու համար. «Մեր ժամանակ բուհ էինք ընդունվում, 1/25 մրցակցություն էր: Ձեր նախորդը մտցրեց առանց քննության բուհ ընդունվելու պրակտիկան: Բուհն իր ուսանողի հաշվին է 80%-ով լուծում իր հարցերը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ բուհ ընդունելության ժամանակ առաջին հայտի գերակայության սկզբունքը պետք է հաստատվի: Ըստ նրա` վարձավճարների ձևաչափը ներդրվել է 90-ականների սկզբին. «Մենք չենք կարող ուսանողների թվաքանակն իջեցնել, հակառակը` պետք է մատչելի դարձնենք կրթությունը: Մտցրել ենք անձեռնմխելի ֆոնդերի գաղափարը, որոնք կտրվեն երրորդ անձերի կառավարման»: Նախարարը նշեց, որ, ինչպես արտերկրում է, համալսարանի բյուջեի մեջ վարձավճարները պետք է 25%-ից ավելի չլինեն, մնացածը պետությունը չպետք է տա, այլ համալսարանը կարող է ներգրավել դրամաշնորհների, տարբեր ծրագրերի միջոցով:
Լ.Մկրտչյանն առաջարկեց գնալ Երիտասարդական հիմնադրամ, նրանք ներկայացնեն, թե ինչ ուղիներով են ծախսում գումարները. «Երիտասարդության ասելով` շոշափելիորեն օգնում են կրթության հարցում»:
Կուսակցականության առումով նախարարը կտրուկ դեմ արտահայտվեց՝ միաժամանակ նշելով, որ կրթական համակարգի ներկայացուցիչները նույնպես կարող են ունենալ կուսակցական հենք, բայց կրթական գործընթացից դուրս:
«Պատրա՞ստ եք իմ հետ ստորագրել օրենքի նախագիծ, որ դպրոցներում ուսուցիչներն ու տնօրեններն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ»,- հարցրեց Ա.Մանուկյանը:
Լ.Մկրտչյանը պատասխանեց, որ օրենքը գործում է, ուղղակի այն պետք է պահել, ստորագրելու հարց չկա: