Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան, չնայած դատարանի որոշմանը, կպահպանի ԵՄ-ից դուրս գալու գրաֆիկը

Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ-ից դուրս գալու հայտարարված գրաֆիկը, չնայած Լոնդոնի Բարձր ատյանի դատարանի որոշմանը, ըստ որի կառավարությանն արգելվում է  միանձնյա նախաձեռնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի (նախատեսում է ԵՄ-ից պետության դուրս գալու մեխանիզմը) կիրառումը՝ առանց երկրի խորհրդարանի մասնակցության: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարին:

«Նա (Մեյը) Եվրոպայի ղեկավարներին կներկայացնի իրադրությունը, ըստ որի մենք բողոքարկում ենք դատավճիռը եւ շարունակում հետեւել այն ժամկետներին, որոնք հայտարարել ենք: Դատական որոշումը չի խախտի դրանք»,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարի ներկայացուցիչը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու ընթացակարգն առանց խորհրդարանի համաձայնության: Հայցը հարուցել են ձեռնարկիչ Ջինա Միլլերը եւ վարսավիր Դեյր  դոս Սանթոսը: Դատարանը բռնել է նրանց կողմը՝ վկայակոչելով Եվրամիության պայմանագրի տեքստը, որում ասված է, որ պետությունները կարող են դուրս գալ դրա կազմից «իրենց սահմանադրությունների պահանջներին համապատասխան»:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյը պնդում էր, որ հանրաքվեի արդյունքները եւ նախարարական լիազորությունները բավարար են Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածն ակտիվացնելու եւ ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգն սկսելու համար՝ առանց խորհրդարանի հետ կոնսուլտացիաների: Սակայն դատարանը վճռել է, որ դա չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին:

Մեյի գրասենյակում արդեն հայտարարել են, որ կբողոքարկեն այդ վճիռը, ենթադրվում է, որ դատարանը գործի քննությանը կվերադառնա դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս