Բաժիններ՝

Անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության ոստիկանին անհիմն մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Գասպարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանին:

Գագիկ Գասպարյանը հաղորդմամբ հայտնել է, որ որդին՝ Մելիք Գասպարյանը դիմել է Գյումրի քաղաքի Մուշի անձնագրային բաժանմունք անձնագրում փաստացի բնակության վայրի մասին նշում կատարելու խնդրանքով, սակայն որդու դիմումը մերժվել է ոստիկանության ծառայող Էդ. Ավոյանի կողմից որդու բնակության վայրի վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրելու պատճառով:

Դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Գ. Գասպարյանի կողմից մատնանշված տվյալները:

Քրեական գործով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդ. Ավոյանին հանձնարարվել է ուսումնասիրել, թե, արդյոք, Գագիկ Գասպարյանի որդին փաստացի բնակվու՞մ է Գյումրի քաղաքի իր կողմից նշված տնակում: Ոստիկանության ծառայողը ուսումնասիրել և պարզել է, որ նշված վայրում Գ. Գասպարյանի որդին չի բնակվում և այդ մասին տեղեկանք է տրամադրել Գյումրու անձնագրային բաժնին:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հերքվել են ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դիմումատու Գ. Գասպարյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդ. Ավոյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Գագիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս