Բաժիններ՝

Թուրքիան Գերմանիային կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և գերմանացի մյուս քաղաքական գործիչների հայտարարությունները՝ ուղղված Անկարայի հասցեին՝ դրանք անվանելով միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը խորը մտահոգությունն էր հայտնել թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) ընդդիիմադիր թերթի աշխատակիցների ձերբակալության առնչությամբ և հայտարարել, որ մամուլի ազատության հարցը կենտրոնական դեր է խաղալու Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների ժամանակ։

«Կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ արդարադատության նախարարը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները իրենց պարտքն են համարում կարծիք հայտնել Թուրքիայում ընթացող դատական բոլոր գործընթացների վերաբերյալ։ Երևում է՝ նրանք մոռանում են, որ Թուրքիան անկախ, ինքնիշխան պետություն է, ինչպես Գերմանիան։ Նրանք իրավունք չունեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին։ Նման իրավունք աշխարհի ոչ մի երկիր չունի»,- թուրք նախարարի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի դատական համակարգը անկախ է ու անկողմնակալ, և «Բեռլինում դա պետք է հասկանան»։

«Ո՛չ Գերմանիայի կանցլերը, ո՛չ եվրահանձնակատարները իրավունք չունեն դաս տան Անկարային։ Մենք բաց ենք ցանկացած հիմնավորված, անկախ ու օբյեկտիվ քննադատության առաջ, սակայն մենք չենք հանդուրժի կանխակալ հայտարարություններ Անկարայի հասցեին, որոնք հիմնված են ահաբեկիչների աջակիցների զեկույցների վրա»,- հավելել է Բոզդաղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս