Բաժիններ՝

Ատոմ Ջանջուղազյանը ներողություն խնդրեց

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն օրերս հայտարարել էր, որ գազի գնի իջեցումը լինելու է բյուջեի միջոցների հաշվին: Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Արամ Մանուկյանը դիմեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին` պարզաբանում պահանջելով և նշելով, որ այդ իր հայտարարության համար հիմք է հանդիսացել հենց Ջանջուղազյանի հետ խոսակցությունը, իսկ դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե բյուջեից ոչ մի գումար չի հատկացվելու այդ նպատակով:

«Դուք հղում եք արել ընդմիջմանը մեր խոսակցությանը: Սակայն թյուրընկալում է եղել, դուք տվել եք գազի հետ կապված հարցը, ես պատասխանել եմ էլեկտրաէներգիայի սակագնի նպաստների մեջ 1000 դրամ լրացուցիչ ավելացման մասին, որը ենթադրում էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի 4.35 դրամը կհատուցվի Ձեր նշած նպաստառուների համար»,- պարզաբանեց Ա.Ջանջուղազյանը:

Նա կրկնեց, որ պատգամավորին հետաքրքրում էր գազի սակագինը, իսկ ինքը խոսել է էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի, որոշ շերտի համար, որ նպաստառուներն են, հատուցման մասին:

«Եթե դա առաջացել է որոշակի թյուրիմացություն, ապա դրա համար հայցում եմ և’ Ձեր ներողամտությունը, և’ լրագրողների, և’ հանրության: Ես նման բան չեմ ուզել ասել և նկատի չեմ ունեցել»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ անկախ բանավոր քննարկումներից, ներկայացված է կառավարության պաշտոնական փաստաթուղթը` 2017թ. բյուջեի նախագիծը, որում այդ ամենն արձանագրված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս