Ֆեդերիկա Մոգերինին անհանգստություն է հայտնել քուրդ պատգամավորների ձերբակալության առնչությամբ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության հետ։ Վերջինս նաև է հայտարարել է, որ Անկարայում հրավիրում է ԵՄ դեսպանների հանդիպում։
«Շատ եմ անհանգստանում Դեմիրթաշի և խորհրդարանի մյուս ներկայացուցիչների կալանավորման առնչությամբ։ Իշխանությունների հետ կապ եմ պահպանում։ Հրավիրում եմ դեսպանների հանդիպում Անկարայում»,- գրել է Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Թուրքիայի դատախազությունը ձերբակալել է խորհրդարանի HDP-ի պատգամավորներին, որոնց թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին։
Ձերբակալություններ էին իրականացվել նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում և երկրի արևելքում։
Վերջիններիս ձերբակալել են պատճառաբանությամբ, թե նրանք չեն ներկայացել՝ դատարան վկայություններ տալու նպատակով։
Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո հրավիրվել են դատարան, սակայն «անտեսել են այդ հրավերները», ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել նրանց ձերբակալել։