ԵԱՏՄ տարածքում նվազում են ռոումինգ ծառայությունների գները. Մանուկ Միքայելյան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ամփոփվեցին ռոումինգ ծառայությունների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ինչպես նիստում նշեց զեկուցող հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը` ուսումնասիրությամբ պարզվ;ել է, որ ռոումինգ ծառայության սակագն երը տեղական զանգերի համեմատ թանկ էին գրեթե 45 անգամ:
«Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում են բավական թանկ: Ռուսաստանից 1 րոպեի արժեքը` 1261, Բելառուսից` 1077, Ղազախստանից` 1028, Ղրղզստանից` 1290 դրամ է»,- ասաց Մանուկ Միքայելյանը:
Նման ուսումանսիրություն կատարվել է ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների կողմից, այնտեղ նույնպես զգալի տարբերություն է եղել: Սա հաշվի առնելով` ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինները նախաձեռնել են «Արդար ռոումինգ» համակարգի ներդրման գործընթացը:
«Նպատակն է ռոումինգի ծառայությունների ոլորտում գների փուլային և աստիճանական նվազեցումը` ընդհուպ հավասարվելով մինչև տեղական ներքին ցանցերում սահմանված վճարումներին: Ռոումինգի սակագների նվազեցման հաջողված փորձ ունի Եվրամիությունը: 2007 թվականից մեկնարկած գործընթացի արդյունքում սակագները նվազել են 10 անգամ, արդյունքում ռոումինգ ծառայության միջոցով տվյալների փոխանցման ծավալներն են ավելացել»,-ավելացրեց Մանուկ Միքայելյանը: Նրա փոխանցմամբ` արդյունավետ համագործակցության արդյունքում արձանագրվել է ռոումինգ ծառայության սակագների նվազեցում 3-2 անգամ` միջինում կազմելով 250 դրամ:
Նիստին ներկա բջջային օպերատորների ներկայացուցիչները նշեցին, որ ռոումինգային գների նվազեցումը կրելու է շարունակական բնույթ: