Բաժիններ՝

«Քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությունը օրենքի շրջանակներում է». Բեքիր Բոզդաղ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունը կատարվել է օրենքի շրջանակներում, այսօր հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Այսօր որոշում է կայացվել ձերբակալել HDP-ի 15 պատգամավորի։ Թուրքիայում բոլորն են հավասար օրենքի առաջ։ Միջոցառումները, որոնք ձեռնարկվում են հասարակ քաղաքացիների նկատմամբ, կիրառվում են նաև այլ պատգամավորների նկատմամբ։ Կարիք չկա դրա համար անհանգստանալ։ Խորհրդարանում քննարկումներից հետո մայիսին պատգամավորների վրայից անձեռնմխելիությունը հանվել էր»,- հայտարարել է լրագրողներին Բոզդաղն Անկարայում։

Ավելի վաղ ձերբակալվել էին քրդամետ կուսակցության պատգամավորները, այդ թվում՝ HDP-ի համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։
Ձերբակալվել էին նաև պատգամավորներ Ֆերհաթ Օնջուն, Լեյլա Բիրլիքը, Սելմա Ըրմաքը, Աբդուլահ Զեյդանը, Իդրիս Բալուքենը, Սըրրը Սուրեյա Օնդերը, Զիյա Փիրը, Նուրսել Այդողանը, Գյուլդեր Յըլդըրըմը և այլք։

Ձերբակալություններ էին իրականացվել նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում և երկրի արևելքում։
Վերջիններիս ձերբակալել են պատճառաբանությամբ, թե նրանք չեն ներկայացել՝ դատարան վկայություններ տալու նպատակով։

Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո հրավիրվել են դատարան, սակայն «անտեսել են այդ հրավերները», ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել նրանց ձերբակալել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս