«Ես հասկացա, որ ձեզնից պրծնելու միակ ձևն է՝ ասել այն, ինչ դուք ուզում եք լսել». Առողջապահության նախարարը՝ լրագրողներին
«Ես այսօր կհաշվեմ, ու մենք դրան կանդրադառնանք մեր մյուս հանդիպմանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե՝ Դուք արդեն 8 խորհրդական ունեք, բայց խոսում եք ոչ արդյունավետ ծախսերի, տնտեսումների մասին:
Հարցին, թե մինչև հիմա տեղյակ չե՞ք՝ քանի խորհրդական ունեք, նախարարը պատասխանեց՝ ոչ: Լրագրողներից մեկը նկատեց, թե փաստորեն աշխատանքի էլ չեն գալիս նրանք, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Փաստորեն, պատկերացնո՞ւմ եք: Ես հասկացա, որ ձեզնից պրծնելու միակ ձևն է՝ ասել այն, ինչ դուք ուզում եք լսել»:
Հարցին՝ եթե հաշվեք ու համոզվեք, որ ութն են, ի՞նչ եք անելու, նախարարը պատասխանեց, որ իրենցից խորհուրդ է լսելու: Ճշտող հարցն էլ, թե՝ նրանք աշխատավարձ են ստանում ու խորհուրդներ չե՞ն տալիս, նախարարը պարզաբանեց. «Աշխատավարձ ստանում են երկու խորհրդականներ, եթե կան ևս 6-ը, ուրեմն՝ հասարակական հիմունքներով են աշխատում»:
Անդրադառնալով պետպատվերի համակարգը հետվճարային դարձնելուն՝ Լ. Ալթունյանն ասաց, որ երբ կլինի, այն ժամանակ էլ կանդրադառնան դրան. «Մոտակա մեկ ամսվա ընթացքում կավարտվեն աշխատանքները, հետո կներկայացնենք և՛ կառավարության ուշադրությանը, և՛ հանրությանը»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք ստուգումներ էին սկսվել «Սլավ մեդ» բժշկական կենտրոնում, որտեղ ծննդկանի մահվան դեպք էր հայտնաբերվել, բայց «Շենգավիթ» բ/կ-ն դուրս էր մնացել այդ ուսումնասիրության շրջանակից, դուք պատրաստվո՞ւմ եք «Շենգավիթ» բ/կ-ն էլ ներառել՝ նախարարը պատասխանեց, որ «դեժավյու» հարցերին չի պատասխանում: